«ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» ընկերության ներդրումները ՀՀ–ում կազմել են 3 մլն եվրո
կազմել են շուրջ 3 մլն եվրո, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» ընկերության ներդրումները կազմել են շուրջ 3 մլն եվրո, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Գումարները ներդրվել են դեղագործության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում` Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Երկուշաբթի ընկերության գործունեությանը տեղում ծանոթացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ծրագրի առաջին փուլը, մասնավորապես, հիմնովին վերանորոգվել և կահավորվել են «Ազատության 26» հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 3-րդ հարկի 5 լաբորատորիաները և օժանդակ տարածքները։ Գերմանիայից ներկրվել և տեղակայվել են համապատասխան լաբորատոր սարքավորումներ։
Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից արդեն իսկ կատարվել է շուրջ 3 մլն եվրոյի ներդրում։ Ներկայում ընկերությունում աշխատում են 30 քիմիկոս-հետազոտողներ՝ 250 հազար դրամ նվազագույն աշխատավարձով, իրականացվում են նոր դեղամիջոցների հումքի մշակման հետազոտության 5 ծրագրեր՝ ընդհանուր 2 մլն դոլարի չափով, որոնք առաջիկայում կտրամադրվեն պատվիրատուներին:
Համաձայն ներդրումային ծրագրով որդեգրած քաղաքականությանը՝ ընկերությունը նախատեսում է առաջիկա 3-5 տարիների ընթացքում կատարել շուրջ 10 մլն եվրոյի ներդրում, ընդլայնելով գիտական գործունեությունը, աշխատողների քանակը հասցնելով մինչև 100-ի։
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է ընկերության զարգացմանն ուղղված ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում: -0-