Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ԱԶԲ մշտական ներկայացուցչության ղեկավարը նշել է Հայաստանի տնտեսական աճի չորս հիմնական գործոնները 2025թ․–ին

09.04.2025, 18:39
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտը նշել է Հայաստանի տնտեսական աճի չորս հիմնական գործոնը 2025 թվականին
ԱԶԲ մշտական ներկայացուցչության ղեկավարը նշել է Հայաստանի տնտեսական աճի չորս հիմնական գործոնները 2025թ․–ին

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտը նշել է Հայաստանի տնտեսական աճի չորս հիմնական գործոնը 2025 թվականին։

«Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը կլինի ներքին պահանջարկը, խոսքը, մասնավորապես, ֆինանսների, շինարարության և առևտրի ոլորտների մասին է։ Աճի երկրորդ շարժիչը կդառնա կառավարության ծախսերի ավելացումը ենթակառուցվածքների վրա։ Եթե դրանք չիրականացվեն, տնտեսական աճի տեսանկյունից խնդիրներ կառաջանան», – ասաց Լամբերտը չորեքշաբթի՝ ներկայացնելով «Ասիայի զարգացման հեռանկարներ – 2025» ԱԶԲ-ի ապրիլյան զեկույցը (Asian Development Outlook)։

Նրա խոսքով, երրորդ գործոնն արտաքին մարտահրավերներն են։ «Մենք ապրում ենք արտասովոր տնտեսական ժամանակներում», – նշեց Լամբերտը՝ օրինակ բերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը, որոնց կիրառումը «կհանգեցնի փոփոխությունների»։

Որպես չորրորդ գործոն նա նշեց Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական լարվածությունը, ռուս-ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ սկսած Իրանից մինչև Իսրայել և Պաղեստին։

Ինչ վերաբերում է ռելոկանտների արտահոսքի ազդեցությանը՝ Լամբերտը դա չի համարում լուրջ գործոն, որը կազդի Հայաստանի տնտեսական աճի վրա։

«Երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար ռելոկանտների թիվը մեծ չէր, նրանց մեծ մասը չէր աշխատում», – ասաց Լամբերտը։

Նա կարծիք հայտնեց, որ տնտեսական աճն ավելի շատ պայմանավորված կլինի արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների կատարած փոխանցումներով։

Հայաստանի տնտեսության թվերն ու կանխատեսումները

Հայաստանի պետական բյուջեում 2025 թվականի տնտեսական աճը նախատեսված է է 5.1%։ Ըստ ԿԲ 2025 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճը ակնկալվում է 4.8%–ից մինչև 7% միջակայքում, 2026 թվականին՝ 4.1–4.7%, իսկ 2027 թվականին՝ 4.7–6.1%։

ԵԱԶԲ-ը (Եվրասիական զարգացման բանկ) կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 5.5% աճ 2025 թվականին, ԱԶԲ-ն՝ 5%։ ՀԲ–ն կանխատեսում է 5% աճ, ԱՄՀ-ն՝ 4.9%, իսկ ՎԶԵԲ-ը՝ 4.8%։ Fitch Ratings գործակալության կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսության աճը 2025 թվականին կլինի 4.9%, իսկ ՄԱԿ-ը կանխատեսում է 5.2% աճ 2025-ին և 4.7%՝ 2026-ին։