ԱԺ փոխխոսնակ. հացահատիկը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձել է ընդդիմությունից հնչող դժգոհություններին կապված Ղազախստանից հացահատիկի ներմուծման հետ։ Վերջիններիս կարծիքով Հայաստանը գնում է միակողմանի զիջումների։
Նա արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկումներին, թե ցորենը ոչ թե երկաթգծով է անցնելու Ադրբեջանի տարածքով և մտնելու է Իջևան, այլ գալու է հասնելու է Վրաստան և Վրաստանով մտնելու է Հայաստան: Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը կարծիք էր հայտնել, թե դիվերսիֆիկացման արդյունքում կարելի էր ցորեն ներկրել նաև Ուկրաինայից, Ռուսաստանից, և Վրաստանի տարածքով այն նույնպես կմտներ Հայաստան:
Ռուբինյանն պատասխանել է ներմուծումն Իջևանի երկաթգծով չկատարելու պատճառի մասին հարցին` նշելով, որ այս պահին գոյություն չունեցող երկաթգծով անհնար է ներկրում անելը։
Նա հայտնել է, որ Ղազախստանից հացահատիկի ներմուծումն ավելի էժան է լինելու, քան Ուկրաինայից։
Ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան հացահատիկի ներմուծման մասին
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ շուտով ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
«Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը։
«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ», – նշել է Բաղդասարյանը։