Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին

23.05.2013, 13:03
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, հինգշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ տեղեկացրեց ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, հինգշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ տեղեկացրեց ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

««Բարգավաճ Հայաստանը» չի կարող պատասխանատվություն կրել այդ ծրագրի համար և դեմ կքվեարկի դրան»,– ասաց Մարգարյանը։

Նա  քննադատեց ներկայացված փաստաթուղթը` մասնավորապես նշելով տարածաշրջանային համագործակցության հարցում հայկական կողմի պասիվությունը։ Ըստ նրա, Հայաստանը պետք է ինքը նախաձեռնող լինի այդ հարցում։

Մարգարյանը նշեց նաև, որ կառավարության ծրագրում մատնանշված չեն Իրան–Հայաստան երկաթուղու շինարարության կոնկրետ ժամկետները։ Միաժամանակ նա ավելացրեց, որ ռուս–վրացական երկաթուղու աբխազական հատվածի բացման դեպքում անիմաստ կդառնա Կարս–Ախալքալաք երկաթուղային հատվածի շինարարությունը։

Հայաստանի նոր կառավարությունը ձևավորվել է այս տարվա մայիսի 8–ին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերի և փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքներով։

Ծրագրում ընդգրկված են հինգ հիմնական ուղղություններ` անվտանգ և ապահով Հայաստան, աշխատատեղերի ստեղծում արդար աշխատավարձով, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ և ինստիտուցիոնալ զարգացում։

Նոր փաստաթղթում պահպանված են նախորդ ծրագրի բոլոր նպատակային ցուցանիշները, մասնավորապես, տնտեսական աճի, նվազագույն աշխատավարձի կրկնապատկման, 8-10 տոկոսով աղքատության կրճատման, 100 հազար նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև կենսաթոշակների աճի ապահովման և ՀՆԱ կառուցվածքում հարկերի մասնաբաժնի ավելացման ցուցանիշները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2004 թվականին:  Կուսակցության առաջնորդը խոշոր ձեռնարկատեր, խորհրդարանի պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, նրան է պատկանում նաև Multy Group կոնցեռնը: Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի 36 մանդատ։

Մինչև 2012թ.–ի խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ–ն ընդգրկված էր իշխող կոալիցիայի կազմում։ Երկրի նախկին կառավարությունում «Բարգավաճ Հայաստանը» ներկայացված է չորս նախարարով` առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի: Կուսակցությանն է ամրագրված նաև խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը:

Ընտրություններից անմիջապես հետո ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիոն կառավարության ստեղծման հուշագրի ստորագրումից: Նոր հուշագրով ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունները հաստատեցին, որ ընտրություններում որպես միասնական թեկնածուի կսատարեն Սերժ Սարգսյանին։ –0–