Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Բաղդասարյանն ու Պատրուշևը տնտեսության մի շարք ճյուղերում ռազմավարական ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

09.04.2014, 10:50
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
Բաղդասարյանն ու Պատրուշևը տնտեսության մի շարք ճյուղերում ռազմավարական ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։

ԱԽ քարտուղարների առանձնազրույցից հետո երկու երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարները զեկուցել են Ա. Բաղդասարյանին և Ն. Պատրուշևին իրենց միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները: Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ:

Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը աջակցության և խնդրի կարգավորման համար:

Որոշում է կայացվել շարունակել ՌԴ և ՀՀ անվտանգության խորհուրդների աշխատակազմերի համակարգմամբ ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը` առկա և առաջացող խնդիրների կանոնակարգման ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել է Ն. Պատրուշևի 2013թ. հունիսին Հայաստան կատարած այցի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերի կատարման ընթացքը: Կայացած քննարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել հայ-ռուսական համագործակցությանը ռազմատեխնիկական, խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտման և օգտագործման, հայ-ռուսական հումանիտար և պետական ռեզերվների համատեղ կենտրոնների ստեղծման և մի շարք այլ ուղղություններին վերաբերող հարցերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսության մի շարք ճյուղերում ռազմավարական ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ընթացքում ստորագրվել են.

- ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպման արդյունքներով արձանագրությունը,

- ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև 2014-2015թթ. համագործակցության պլանը,

- ՀՀ և ՌԴ միջև միգրացիայի ոլորտում հետագա համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ հուշագիրը:-0-