Հայաստանի 2015թ.–ի պետբյուջեի եկամտային մասը կարող էր նախատեսվածից ավելի լինել. փորձագետ
17.11.2014,
17:46
Հայաստանի` 2015 թվականի պետբյուջեի եկամտային մասը կարող է նախատեսված գումարից ավելի լինել, կարծում է տնտեսագետ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` 2015 թվականի պետբյուջեի եկամտային մասը կարող է նախատեսված գումարից ավելի լինել, կարծում է տնտեսագետ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի նախագծի համաձայն` Հայաստանի 2015 թվականի համախմբված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 221 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 337 մլրդ դրամ, պակասուրդը` 116.6 մլրդ դրամ։ 2014 թվականին եկամուտները ծրագրված են եղել 1 տրլն 135 մլրդ դրամի չափով։
«Կարծում եմ, որ դա յուրօրինակ միտում է`ներկայացնել համեստ թվեր` ակնկալելով բյուջեի գերակատարում։ Եվ այդպես է ամեն տարի»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Մանասերյանը։
Ըստ նրա` բյուջեի ձևավորման ժամանակ կան ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ գործոններ։ «Նախևառաջ, ինչպես 2014 թվականին, այնպես էլ 2015 թվականին չեն բացառվում համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության գործընթացներից առաջացած բացասական միտումները, որոնք նույնպես կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա»,– նշեց փորձագետը։
Նա միաժամանակ ավելացրեց, որ Հայաստանը կարող է օգտվել իր առջև բացված մեծ հնարավորություններից։ «Մեր կենտրոնը մշակել է հատուկ նախագծեր, որոնք թույլ կտան Հայաստանին տնտեսական լավ աճ գրանցել, հատկապես` հաշվի առնելով տասնյակ անգամներ աճած սպառողական շուկայի հնարավորությունները»,– ասաց Մանասերյանը` մեկնաբանելով Հայաստանի միացումը ԵՏՄ–ին։
Փորձագետը նշեց, որ չի կիսում այն տեսակետը, ըստ որի` ԵՏՄ–ին անդամակցելն ինքնիշխանության կորուստ է, կամ որ երկրին «մութ օրեր» են սպասում։ Սակայն, ըստ նրա, նոր հնարավորություններին զուգընթաց կլինեն նաև ռիսկեր, ինչը կարող է հանգեցնել որոշ ցուցանիշների ժամանակավոր վատացման։
Հայաստանում, ըստ նրա, վերջին 2-3 տարիներին բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք նախորդ կառավարությանն այդպես էլ չհաջողվեց լուծել։ «Այս դեպքում ամենաարդիական խնդիրը, հատկապես երիտասարդության շրջանում առկա գործազրկությունն է, որը մեր Կենտրոնի հաշվարկներով` կազմում է ավելի քան 60 տոկոս, ինչպես նաև գյուղատնտեսության հակասական միտումները»,– ասաց նա։
Մանասերյանն ավելացրեց նաև, որ մեծամասամբ կառավարության կանխատեսումները չեն պարունակում անհրաժեշտ հիմնավորումներ, ինչին նույնպես պետք է ուշադրություն դարձնել։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է ԵՏՄ–ի լիիրավ մասնակից, որը գործունեությունը կսկսի 2015 թվականի հունվարի 1-ից։—0—