Էլեկտրական ավտոբուսներ, դեպոների վերակառուցում և նոր քաղաքային այգի․ Երևանում կիրականացվի 200մլն դոլարի ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է 200մլն դոլարի ներդրումային փաթեթի ծրագիրը։
Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը ներկայացրել է ծրագրի առանցքային կետերը։ Դրանց թվում են 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռք բերումը, երկու դեպոների վերակառուցումը և արդիականացումը, մինչև 230 հեկտար քաղաքային այգու կառուցումը, խոսքը «Դալմայի այգիների» մասին է, ինչպես նաև ընտրված որևէ մայրուղու վերակառուցումը՝ որպես առանձնացված տրանսպորտային երթուղի՝ իր ենթակառուցվածքներով։
Նա նշեց, որ ծրագիրն ունի բավականին լուրջ կոնցեսիոն բաղադրիչ։
«Ենթադրվում է, որ կներգրավվի նաև ՄԱԿ–ի Գլոբալ կլիմայական հիմնադրամի՝ Հայաստանի համար հասանելի ֆինանսավորումը։ Այս պահին Ասիական զարգացման բանկի աջակցության միջոցով արդեն հայտարարվել է ծրագրի իրագործելիության խորհրդատուի ներգրավման մրցույթ։ Վերջնաժամկետը մարտի 25–ն էր, հիմա սպասում ենք մրցույթի արդյունքներին։ Ծրագրի հետագա ընթացքը կախված կլինի Ներդրումային կոմիտեի ձևաչափում որոշման ընդունումից», – նշեց Բաբայանը։
Խորհրդականն ընդգծեց, որ հրապարակային ներդրումային ծրագիրը մշակվել է՝ կառավարության կարգավորումներին համապատասխան։