Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանում ոսկերչության թեմայով համաժողով և «Ոսկերչություն-2013» ցուցահանդես–վաճառք կանցկացվեն

10.12.2013, 14:59
Երևանում դեկտեմբերի 13-15–ը Հայաստանի ոսկերչական ճյուղի զարգացման արդիական հարցերի շուրջ համաժողով, ինչպես նաև «Ոսկերչություն-2013» ոսկերչական ցուցահանդես–վաճառք կկազմակերպվեն, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ, «Գնոմոն» երևանյան ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։
Երևանում ոսկերչության թեմայով համաժողով և «Ոսկերչություն-2013» ցուցահանդես–վաճառք կանցկացվեն
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում դեկտեմբերի 13-15–ը Հայաստանի ոսկերչական ճյուղի զարգացման արդիական հարցերի շուրջ համաժողով, ինչպես նաև «Ոսկերչություն-2013» ոսկերչական ցուցահանդես–վաճառք կկազմակերպվեն, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ, «Գնոմոն» երևանյան ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։

Նրա խոսքով` համաժողովի հիմնական նպատակը ճյուղի զարգացմանն ազդակ հաղորդելն է, հիմնական ուղղությունների և զարգացման միտումների քննարկումը, Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում ոսկերչական ճյուղի գերակայությունների սահմանումը։

«Մենք ակնկալում ենք շահագրգիռ քննարկումներ և կարծիքների փոխանակում, ինչը թույլ կտա ևս մեկ քայլ կատարել Հայաստանի ոսկերչական ճյուղի մակարդակի բարձրացման գերխնդրի լուծման ճանապարհին»,– ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա, համաժողովի շրջանակում ծրագրվում է քննարկել Հայաստանի ոսկերչական ոլորտի զարգացման հարցերը տնտեսական ազատ գոտիներում։ Քննարկումներին կմասնակցեն ռուս փորձագետները, Հայաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ։

Նա նշեց նաև, որ համաժողովի մասնակիցները կքննարկեն ոսկերչական դիզայնի ոլորտի միտումները, այդ գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններ, ինչի համար հրավիրվել են մասնագետ Իտալիայից, ինչպես նաև ոսկերչական դիզայնի և 3D–մոդելավորման ոլորտի հայ փորձագետներ։ Համաժողովի հիմնական թեմաների թվում են նաև ոսկերչության, ադամանդամշակման և ոսկյա ժամացույցների արտադրության ոլորտի որակի ապահովման և վերահսկողության հարցը։

Հայաստանի կառավարության նիստերի շենքում անցկացվելիք ցուցահանդեսի մուտքն արժե 500 դրամ։

Համաժողովն ու ցուցահանդեսն անցկացվում են Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի և Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանի կողմից` Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Համաժողովն ու ցուցահանդեսն անցկացվում են Հայաստանի կառավարության օժանդակությամբ։

Առաջին անգամ «Ոսկերչություն» ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է Երևանում 1998 թվականին։ ($1 – 406,80 դրամ)։ –0—