Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Եթե մենք՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, կարողանանք տարածաշրջանը դարձնել արագ, գրավիչ, ապահով անցում, բոլորիս եկամուտները տասնյակ անգամներով կավելանան․ Փաշինյան

04.03.2026, 18:40
Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում է  արևելքից արևմուտք, մասնավորապես՝ Չինաստանից դեպի ԵՄ և հակառակ ուղղությամբ տրիլիոնների ապրանքին
Եթե մենք՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, կարողանանք տարածաշրջանը դարձնել արագ, գրավիչ, ապահով անցում, բոլորիս եկամուտները տասնյակ անգամներով կավելանան․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Եթե մենք՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, կարողանանք մեր տարածաշրջանը դարձնել արագ, գրավիչ, ապահով անցում, բոլորիս եկամուտները տասնյակ անգամներով կավելանան։

Այս մասին այսօր ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP-ի իրականացման դեպքում Վրաստանի տարանցման դերի հնարավոր նվազման մասին:

Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում է արևելքից արևմուտք, մասնավորապես՝ Չինաստանից դեպի ԵՄ և հակառակ ուղղությամբ տրիլիոնների ապրանքին: 

«Կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն այս հնարավորությանը նայեն որպես ընդհանուր հնարավորություն, որովհետև մեզ պետք չէ մտածել, որ եթե այս մի բեռնատարը այլ տեղով անցնի, մենք 50 դոլար կկորցնենք»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ այստեղ մասշտաբի հարց է։ 

«Եթե մենք մի բեռնատարի մասշտաբով ենք մտածում, պիտի մտածենք՝ մի բեռնատարի 50 դոլար շահույթը հիմա ո՞ւմ է հասնելու: Բայց եթե մենք մտածում ենք տասնյակ հազարավոր բեռնատարների մասին, այդտեղ արդեն իրադրության ընկալումը փոխվում է, որովհետև երկրներից որևէ մեկը, միևնույն է, չի կարողանալու սպասարկել այդ հոսքը»,- նշեց Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է միմյանց օգնությունը խնդրեն, որպեսզի հերթեր չառաջանան, քանի որ ամեն հերթը նեգատիվ ազդակ է տալիս, որ այստեղից ճիշտ չէ գալը, և պետք է այլ ճանապարհ ընտրել: