Ֆինանսների նախարարությունը 2024 թ վերջին ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 6%

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կանխատեսմամբ՝ հանրապետությունում ՀՆԱ-ի աճը տարեվերջին կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում:
«2024-ի պետական բյուջեի մասին օրենքում թիրախ էր դրվել ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Իհարկե, առջևում 4 ամիս ունենք, և դեռ կարող են բավականին փոփոխություններ տեղի ունենալ, սակայն մեր այսօրվա կանխատեսումը մեզ հուշում է, որ տնտեսական աճը կլինի մոտ 6 տոկոսի շրջանակներում»,- Հովհաննիսյանը նշել է Արմենպրեսս-ին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունում դրական շոկ է գրանցվել:
«Ռուսաստանից մեծ ներհոսք ունեինք, արտահանման կտրուկ աճ՝ որոշ մասը նաև վերաարտահանման տեսքով: Այս գործոնները հետզհետե թուլացել են: Եվ մենք, այսպես ասած, վերադառնում ենք մեր պոտենցիալ աճի տիրույթ, որը նախկինում եղել է 4 տոկոսի շրջանակում, բայց վերջին տարիներին մեր իրականացրած քաղաքականությունների արդյունքում այն գնահատվում է մոտ 5․5 տոկոս»,-ասել է նա:
Հարկերի, ծախսերի եւ բյուջեի եկամուտների մասին
Հովհաննիսյանը հայտնել է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտների ծավալը կանխատեսվածից 117 մլրդ դրամով պակաս է եղել, սակայն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Ըստ նախարարի՝ եկամուտներն աճում են տնտեսական զարգացումներին համահունչ:
«Իրողությունները, որոնք կանխատեսվում էին 2024 թվականի բյուջեն պատրաստելիս, ամբողջությամբ չէին իրականացվել նաև այն պատճառով, որ այդ պահին 2023թ ՀՆԱ-ի հստակ պատկերը և կառուցվածքը չկար»,- նշել է նա։
Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի կանխատեսման գործընթացում հաշվի են առնվում տարբեր սցենարներ, որոնց հիման վրա ապահովվում են որոշակի բյուջետային բուֆերներ։
«Այդ նպատակով մենք ունենք պահուստային ֆոնդ, որի միջոցներն օգտագործվում են ռիսկերի նյութականանալու դեպքում։ Այս պահին մեր պահուստային ֆոնդում առկա է շուրջ 55 մլրդ դրամ: Դա բավարար է, որ այն խնդիրները, որ մեզ մոտ հարկերի թերհավաքագրման դեպքում, կարողանանք մեղմել կամ ընդհանրապես չեզոքացնել»,-վստահեցրեց նախարարը:
Պետական պարտքի մասին
Ինչ վերաբերում է պետական պարտքին, Հովհաննիսյանը հայտնել է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ պետական պարտքն ավելացել է շուրջ 443 մլրդ դրամով կամ մի փոքր ավելի, քան 1 մլրդ դոլարը: Սա, ըստ նախարարի, պլանավորված գործընթաց է:
«Բյուջեով կանխատեսել էինք պետական պարտք-ՀՆԱ 48.4 տոկոս մակարդակ, սակայն մեր ներկայիս կանխատեսումներով՝ այս տարվա վերջին ակնկալում ենք, որ պարտքի մակարդակը կլինի 50 տոկոսի շրջանակներում»,-ասաց Հովհաննիսյանը:
Թվեր և կանխատեսումներ
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,1-6,8 տոկոսի սահմաններում։
ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 7,5%, իսկ 2025 թվականին՝ 4,2%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6 տոկոս աճ։ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։