Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ֆրանսիական ընկերությունները կարող են սկսել ծրագրի իրականացումը Սյունիքում․ ԱԳՆ

02.06.2025, 11:33
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը վստահ է, որ ֆրանսիական ընկերությունները մոտ ապագայում կսկսեն աշխատել Սյունիքում
Ֆրանսիական ընկերությունները կարող են սկսել ծրագրի իրականացումը Սյունիքում․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների  համաձայն՝  մոտ ապագայում  ՀՀ Սյունիքի մարզում ֆրանսիական ընկերությունները կսկսեն գործել։

«Մասնավորապես՝ ռազմավարական նշանակության նախագծի իրականացման գործում», - ասաց նա երկուշաբթի Գորիսում կայացած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման ժամանակ։

Կոստանյանը նշեց, որ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա և ուղղված են  տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու գործում Հայաստանին աջակցելուն։

Նրա խոսքով՝ համագործակցությունը մշտապես ընդլայնվում է բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ ռազմավարական ոլորտներում, որտեղ երկու երկրների միջև կապերը օրեցօր  ամրապնդվում են։

«Համաժողովը Սյունիքում անցկացնելը  խաղաղության և համագործակցության հստակ ուղերձ է,  կայուն խաղաղության գրավականը նաև տնտեսական փոխկապակցվածությունն ու տարածաշրջանային համագործակցությունն է, որը կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատմանը», - ասաց Կոստանյանը։

Փոխնախարարը նշեց, որ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական կենտրոն, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը կծառայի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի շահերին։

«Մեր նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակշռի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները, սպառնալիքների փոխարեն՝ միջպետական հարաբերությունները կզարգանան փոխադարձ հարգանքի հիման վրա», - ընդգծեց Կոստանյանը։