«Գազպրոմը» Հայաստանում կապահովի 107մլն խմ–ի օպերատիվ պահուստ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մինչև 2025-2026 թվականների ջեռուցման սեզոնը «Գազպրոմը» կստեղծի գազի օպերատիվ պաշարներ Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի ստորգետնյա պահեստարաններում։
Հայաստանում օպերատիվ պահուստը կկազմի 107 միլիոն խորանարդ մետր, ասվում է հոլդինգի հաղորդագրության մեջ վարչության նիստից հետո, որը վերանայել է խմբի 2024/2025 թվականների աշուն-ձմեռ ժամանակահատվածում կատարած աշխատանքը և առաջիկա աշուն-ձմեռ ժամանակահատվածում սպառողներին անխափան գազամատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները։
Հայաստանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100% դուստր ձեռնարկությունն է, Ռուսաստանից Հայաստան բնական գազի մենաշնորհային մատակարարն է (ներքին սպառման համար), որը տարանցիկ ճանապարհով մատակարարվում է Վրաստանի տարածքով։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար (սահմանին) 2022 թվականից կազմում է 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար։
Աբովյան քաղաքում գործում է ստորգետնյա գազապահեստարան, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը հավասարեցնելու, ինչպես նաև գազամատակարարման սահմանափակումների (արտակարգ իրավիճակներ, պլանային նորոգումներ) դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար։