Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Գյուղմթերքի երկրորդ սեզոնային տոնավաճառը կբացվի օգոստոսի 19–ին Երևանում. գյուղնախարարություն

16.08.2012, 18:02
Գյուղմթերքի երկրորդ սեզոնային տոնավաճառը կբացվի օգոստոսի 19–ին Երևանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գյուղմթերքի երկրորդ սեզոնային տոնավաճառը կբացվի օգոստոսի 19–ին Երևանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։

Արաբկիր վարչական շրջանում և Կասյան փողոցին հարող տարածքում գործող գյուղմթերքի առաջին սեզոնային տոնավաճառը բացվել է Երևանում հունիսի 30–ին։

Երկրորդ տոնավաճառը կբացվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցում։ Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր։

Մասնավորապես, մենատնտեսներին կթույլատրվի մասնակցել տոնավաճառին միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը տվյալ մասնակցի սեփական արտադրանքն է:

Տոնավաճառների մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը նախորդ տարվա օգոստոսից դեկտեմբեր յուրաքանչյուր հանգստյան օր Կասյան փողոցին հարող տարածքում ագրոարտադրանքի տոնավաճառներ էին կազմակերպում։

2011 թվականի օգոստոսի 21–ից դեկտեմբերի 26–ը կազմակերպվել է գյուղմթերքի 36 տոնավաճառ, որոնց մասնակցել են ավելի քան 7000 գյուղացիական տնտեսություններ, որոնք ներկայացրել են 40 ապրանքատեսակ, այդ թվում` միրգ, բանջարեղեն, հատապտուղներ, մեղր։

Գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառը կազմակերպվում է Հայաստանի նախագահի հանձնարարականով` VivaCell-MTS–ի օժանդակությամբ սպառողի համար գյուղմթերքի հասանելիության ապահովման համար։ Տոնավաճառների առանձնահատկությունն այն է, որ վաճառողների թվում վերավաճառողներ չկան` վաճառքի իրավունք ունեն միայն Հայաստանի մարզերի մենատնտեսները, տոնավաճառի տեղերը հատկացվում են անվճար։ -0-