ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգ շահագործումը ՀՀ կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ կառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևոր բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է Հայկական ատոմակայանի կողմից։ Ամեն ինչ արվում է ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը պահպանելու համար, և ստուգումները անցկացվում են ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին համապատասխան»,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ–ում «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:
Նշելով, որ միջուկային էներգիայի ռազմավարական նշանակությունը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն ներկա և ապագա սերունդների առջև, Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ արվում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում անվտանգության ամենաբարձր չափանիշները պահպանելու համար։
«Մենք ամեն ինչ անում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում անվտանգության ամենաբարձր չափանիշները պահպանելու համար։ Մենք պարբերաբար անցկացնում ենք ստուգման և փորձագիտական գնահատման առաքելություններ, որոնց զեկույցները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանն ատոմակայանը շահագործում է ՄԱԳԱՏԷ–ի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում է միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպի բացակայությունը»,–ասել է վարչապետը:
Նա շեշտել է՝ այդ սկզբունքը հիմք է հանդիսացել վերջին տարիներին Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացված լայնածավալ արդիականացման համար, որի շնորհիվ հնարավոր եղավ դրա շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականը։
«Այս փորձի հիման վրա, Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որոշել է կրկին երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը: Հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլ նաև Հայաստանի և «Ռոսատոմ» կորպորացիայի ու այլ միջազգային գործընկերների միջև շահավետ և վստահելի գործընկերության արդյունք»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ շահագործման ժամկետի երկարաձգումը ամուր հիմք կլինի նոր էներգաբլոկի կառուցմանը սահուն անցնելու համար՝ ՀԱԷԿ–ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո:
Այս համատեքստում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը որոշելու համար՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը։