Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հայ արտադրողները կվերսկսեն մսամթերք արտահանել Ռուսաստան

18.11.2014, 16:12
Հայ արտադրողներին թույլ են տվել մսամթերք արտահանել Ռուսաստան, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության անասնաբուժական ծառայության պետ Հովհաննես Մկրտչյանը։
Հայ արտադրողները կվերսկսեն մսամթերք արտահանել Ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ արտադրողներին թույլ են տվել մսամթերք արտահանել Ռուսաստան, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության անասնաբուժական ծառայության պետ Հովհաննես Մկրտչյանը։

2007 թվականին Հայաստանում գրանցված խոզի աֆրիկյան ժանտախտի դեպքերից հետո Ռուսաստանը ժամանակավորապես արգելել էր կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի ներկրումը Հայաստանից։ 2009 թվականին հանվել է ձկան և ձկնամթերքի արգելքը, իսկ 2010 թվականին` կաթի և կաթնամթերքի արգելքը։

«Բանակցությունների արդյունքում նոյեմբերի 12–ից մսամթերքի հայ արտադրողներին պաշտոնապես թույլատրվում է արտադրանքի արտահանում իրականացնել Ռուսաստան և Մաքսային միության երկրներ»,– ասաց Մկրտչյանը։

Ըստ նրա, 11 հայկական ընկերություններ արտադրանքի արտահանման թույլտվություն են ստացել, և առաջիկա օրերին Պետծառայությունում խորհրդատվություններ կանցկացվեն ՄՄ ներկրողներին հումքի, տեխնոլոգիական գործընթացների, մակնշման և ապրանքի փաթեթավորման, ինչպես նաև արտադրանքի տեղափոխման հարցերով առաջադրվող պահանջների վերաբերյալ։

Նա նշեց, որ ընկերությունների նկատմամբ հիմնական պահանջների թվում, նախևառաջ, ստուգվել են արտադրող երկրի հումքը, հումքի պահպանման հնարավորությունները, արտադրական փուլերը, տեխնոլոգիական հնարավորություններն ու պատրաստի արտադրանքի պահպանման ձևերը։

«Դեկտեմբերին հայկական ընկերություններում կանցնեն ՄՄ–ի, իսկ հունվարից նաև ԵՏՄ շրջանակում մսամթերքի արտադրողի նկատմամբ բոլոր նորմերի և պահանջների համապատասխանության համատեղ տեսչական ստուգումներ»,– ասաց Մկրտչյանը։

Նա հայտնեց նաև, որ Ռուսաստանի համապատասխան ծառայությունների հետ մսամթերքի արտահանման արտոնագրեր ստացող ընկերությունների ցուցակի ընդլայնման վերաբերյալ աշխատանքը շարունակվում է։ Մասնավորապես, ևս երեք հայ արտադրողներ իրենց արտադրական գործընթացները համապատասխանեցրել են առաջադրվող պահանջներին և կարող են նաև արտահանում սկսել Ռուսաստան համապատասխան արտոնագիր ստանալուց հետո։

«Հայ արտադրողները կկարողանան ոչխարի, խոզի, տավարի և հավի միս արտահանել, միաժամանակ չկա հումքի սահմանափակում` տեղական, թե ներկրված, բացառությամբ այն երկրների հումքի, որոնք Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակում են»,– ասաց Մկրտչյանը։ -0-