Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը կարող է հրաժարվել Հյուսիս–Հարավ միջանցքի շինարարությունն իրականացնող իսպանական ընկերության ծառայություններից` ՎՊ–ի հայտնաբերած խախտումների պատճառով

05.06.2013, 18:52
Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը չի բացառում, որ Հայաստանը կհրաժարվի Հյուսիս–Հարավ միջանցքի շինարարությունն իրականացնող Corsan Corvian Construccion SA իսպանական ընկերության ծառայություններից` Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած խախտումների պատճառով։
Հայաստանը կարող է հրաժարվել Հյուսիս–Հարավ միջանցքի շինարարությունն իրականացնող իսպանական ընկերության ծառայություններից` ՎՊ–ի հայտնաբերած խախտումների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը չի բացառում, որ Հայաստանը կհրաժարվի Հյուսիս–Հարավ միջանցքի շինարարությունն իրականացնող Corsan Corvian Construccion SA իսպանական ընկերության ծառայություններից` Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած խախտումների պատճառով։

Մայիսին Հայաստանի Վերահսկիչ պալատը զեկույց է հրապարակել, որում, մասնավորապես, նշվում էր, որ շինարարները չեն պահպանում բետոնի հաստության պահանջվող չափանիշները, ավելին, բետոնը չափազանց անորակ է։ Բացի այդ, ՎՊ–ում նշեցին, որ շինաշխատանքներում տեխնիկական թերություններ են նկատվել։ Խոսվում էր նաև վերահսկող կառույցների աշխատանքում տեղ գտած խնդիրների մասին։

«Տվյալ պահին իսպանական ընկերության հետ պայմանագրի լուծարման հարց դեռ չկա, սակայն մենք առաջադրել ենք պահանջներ, որոնք չկատարելու դեպքում չի բացառվում նաև լուծարումը»,– ասաց Բեգլարյանը խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում։

Նա տեղեկացրեց, որ Հայաստան են հրավիրվել իսպանական ընկերության, ինչպես նաև Safege բելգիական ֆիրմայի ղեկավարները, ովքեր ներդրումային ծրագրի խորհրդատուներն են։ Նրանց են ներկայացվել Վերահսկիչ պալատի հայտնաբերած թերությունները։

ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով` հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։

2010 թվականի հունվարի 14–ին կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։

Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը ևս պատրաստակամություն է հայտնել 50–70 մլն դոլար հատկացնել Հայաստանում «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությանը։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը, որի շնորհիվ կբարելավվի Եվրոպա–Կովկաս–Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հատման կետում, ծրագրվում է ամբողջությամբ ավարտել 2017 թվականին։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը նախաձեռնվել է Ռուսաստանի և Իրանի կողմից և տրանսպորտային հոսքերի ակտիվացում է ենթադրում, այդ թվում Ռուսաստան–Իրան–Հնդկաստան ուղղությամբ նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության հաշվին։

Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակով դիտարկվում է նաև երկաթուղու կառուցում, որը կկապի երկու երկրներին և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի մասը կդառնա։ –0–