Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը պետք է արագացնի պետական վարչարարության և մասնավոր հատվածի բարեփոխումները, որպեսզի դիմանա տարածաշրջանում մրցակցությանը. Հերգնյան

04.09.2013, 14:23
Հայաստանը պետք է արագացնի պետական վարչարարության և մասնավոր հատվածի համակարգի բարեփոխումների տեմպերը, որպեսզի դիմանա տարածաշրջանում խստացած մրցակցությանը, ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը` մեկնաբանելով 2013/14 մրցունակության համաշխարհային  զեկույցի  տվյալները։
Հայաստանը պետք է արագացնի պետական վարչարարության և մասնավոր հատվածի բարեփոխումները, որպեսզի դիմանա տարածաշրջանում մրցակցությանը. Հերգնյան
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է արագացնի պետական վարչարարության և մասնավոր հատվածի համակարգի բարեփոխումների տեմպերը, որպեսզի դիմանա տարածաշրջանում խստացած մրցակցությանը, ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը` մեկնաբանելով 2013/14 մրցունակության համաշխարհային  զեկույցի  տվյալները։

Հայաստանը 2013թ.–ին երեք կետով բարելավեց Համաշխարհային մրցունակցության ցուցանիշի դիրքերը` 148 երկրների շրջանում զբաղեցնելով 79–րդ տեղը` ԱՊՀ երկրների շրջանում առաջ անցնելով Մոլդովայից (89–րդ տեղ) և Ղրղզստանից (121–րդ տեղ) և զիջելով Ադրբեջանին (39–րդ տեղ), Ղազախստանին (50–րդ տեղ) Ռուսաստանին (64–րդ տեղ), Ուկրաինային (84–րդ տեղ), Վրաստանին (72–րդ տեղ)։

«Եթե խոսենք այն մասին, թե ինչպիսի ազդակներ է մեզ հաղորդում այդ զեկույցը, ապա, նախևառաջ մենք կտեսնենք, որ տարածաշրջանային մրցակցությունը խստացել է, և որպեսզի հաղթենք այդ մրցավազքում, անհրաժեշտ է ավելի մեծ արագություն զարգացնել։ Կարելի է ասել, որ մրցակցային պայքարը սպրինտ է, իսկ մենք վազում ենք մարաթոնում»,– չորեքշաբթի «Նովոստի» մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ Հերգնյանի` գոյություն ունեն օբյեկտիվ սահմանափակումներ, որոնք զեկույցում անդրադառնում են Հայաստանի վարկանիշի վրա` մասնավորապես շուկայի ծավալները, արտաքին տրանսպորտային ենթակառուցվածքը, ինչը մյուս ցուցանիշների հաշվին փոխզիջում է ենթադրում, այդ թվում` նորարարությունների, կրթության և բիզնես միջավայրի բարելավման։

«Դա նորարական բիզնեսի ներմուծում է ենթադրում, նոր տեղերի և շուկաների և մարդկային ռեսուրսների առավել ինտենսիվ ներդրումների որոնում, կրթություն և որակավորման բարձրացում։ Եթե դա տեղի չունենա, մենք կկրոցնենք մեր մրցակցային առավելությունները»,– նշեց նա։

Այդ կապակցությամբ Կենտրոնի նախագահն ընդգծեց, որ նախևառաջ անհրաժեշտ է ձևակերպել Հայաստանի հիմնական մրցակցային առավելությունների ցանկը, որտեղ կարող են ընդգրկվել տեխնոլոգիական ոլորտի կադրերի պատրաստումը, ԱՊՀ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորությունը։

«Սակայն մեր ամենագլխավոր առավելությունը սփյուռքի գործոնն ու խոշորագույն համաշխարհային ընկերություններում սփյուռքի ներկայացուցիչների առկայությունն է։ Բարձր պաշտոններ զբաղեցնելով` նրանք կարող են զգալի ազդեցություն ունենալ Հայաստանում ներդրումների իրականացման մասին որոշումների ընդունման վրա։ Այդ գործընթացների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ, որը կզբաղվի ենթադրելի ներդրողների հետ ակտիվ աշխատանքի կազմակերպմամբ»,– ամփոփեց նա։

Հայաստանը մասնակցում է Մրցունակության գլոբալ հաշվետվությանը, որը կազմվում է 2005թ.–ից` վիճակագրական տվյալների և գործարարների շրջանում անցկացված հարցումների հիման վրա։ Այս տարի հարցումներին մասնակցել են խոշոր և փոքր/միջին բիզնեսի ոլորտից 80–100 հայկական կազմակերպությունների ղեկավարներ։

Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է, որն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա հանդիպումների կազմակերպություն

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը «Համաշխարհային տնտեսական ֆորումի» Մրցունակության գլոբալ ցանցի գործընկերն է։ -0-