Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2025թ․–ին պետբյուջե են վճարել 1,95 տրլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2025 թվականին պետական բյուջե են վճարել 1,95 տրլն դրամի հարկեր և մաքսային վճարներ՝ 2024 թվականի 1,77 տրլն դրամի դիմաց։ Այս մասին են վկայում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
Այսպիսով, 2025 թվականին 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են 173,5 մլրդ դրամով կամ 9,79%-ով ավելի, քան 2024 թվականին։
Անցած տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքվել է 1,58 տրլն դրամ (աճը 2024 թվականի համեմատ՝ 141 մլրդ դրամ կամ 9,8%), իսկ մաքսային մարմնի կողմից՝ 366,2 մլրդ դրամ (աճը՝ 32,5 մլրդ դրամ կամ 9,75%):
Խոշոր հարկ վճարողների առաջատար տասնյակը.
- Mobile Center Art – 77,86 մլրդ դրամ
- Grand Tobacco – 66,12 մլրդ դրամ
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ – 52,16 մլրդ դրամ
- «Գազպրոմ Արմենիա» – 43,24 մլրդ դրամ
- Արդշինբանկ – 40,2 մլրդ դրամ
- Ամերիաբանկ – 29 մլրդ դրամ
- «Դիջիթեյն» (Digitain) – 26,59 մլրդ դրամ
- International Masis Tabak – 25,94 մլրդ դրամ
- CPS Energy Group – 24,81 մլրդ դրամ
- Soft Construct – 23,78 մլրդ դրամ
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նախորդ չորս տարիների ընթացքում գլխավորում էր Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով տասնյակում չէր ընդգրկվել, երկրորդ եռամսյակում 6-րդ տեղում էր, իսկ երրորդ եռամսյակի արդյունքներով բարձրացել է առաջատարների եռյակ (3-րդ տեղ): ($1 - 379,07 դրամ)