Հայաստանի բյուջեի պակասուրդը 2026-2029 թթ.-երին միջինում կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,3%-ը. S&P Global Ratings
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2026-2029 թվականներին Հայաստանի բյուջեի պակասուրդը միջինում կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,3%-ը, ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության տեսության մեջ։
«Թեև 2025 թվականի բյուջեն նախատեսում էր պակասուրդ՝ ՀՆԱ-ի մոտ 5,5%-ի չափով, փաստացի արդյունքը եղել է 4%-ից փոքր-ինչ ցածր՝ հիմնականում պլանավորված կապիտալ ծախսերի թերի իրականացման պատճառով։ Դրանից ելնելով՝ 2026 թ.-ի բյուջեն նախատեսում է ավելի փոքր պակասուրդ՝ ՀՆԱ-ի մոտավորապես 4,5%-ի չափով՝ հիմնվելով մոտ 5,5% իրական տնտեսական աճի ենթադրության վրա»,- ասվում է ուսումնասիրության մեջ։
S&P-ի վերլուծաբանները նշում են, որ ծախսերի առաջնահերթությունների հավասարակշռությունը վերանայվում է. կապիտալ ներդրումները պահպանվում են բարձր մակարդակի վրա՝ միջնաժամկետ աճին աջակցելու համար, մինչդեռ պաշտպանական ծախսերը նախատեսվում է կրճատել ինչպես անվանական արտահայտությամբ, այնպես էլ ՀՆԱ-ի նկատմամբ տեսակարար կշռով, ինչն արտացոլում է ընկալվող կարճաժամկետ անվտանգային ռիսկերի նվազումը՝ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններից հետո։
Նշվում է, որ սոցիալական ծախսերը մնում են թիրախային՝ ներառելով տեղահանված անձանց և խոցելի տնային տնտեսությունների շարունակական աջակցությունը։
«Մենք կանխատեսում ենք պետական կառավարման հատվածի պակասուրդը 2026 թ.-ին ՀՆԱ-ի 4,2%-ի մակարդակում, ինչը ցածր է պաշտոնական թիրախային ցուցանիշից՝ ելնելով կապիտալ ծախսերի թերի իրականացման մեր ենթադրությունից, թեև դա հավանաբար մասնակիորեն կփոխհատուցվի ծախսերի ավելացման նախընտրական ճնշմամբ»,- ասվում է տեսության մեջ։
Ուսումնասիրության հեղինակները, ինչպես և վերջին տարիներին, ակնկալում են, որ պակասուրդը կֆինանսավորվի հիմնականում ներքին փոխառությունների և արտաքին արտոնյալ ֆինանսավորման համակցման հաշվին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իշխանությունները ծրագրում են 2026 թվականին բյուջեի պակասուրդը 5,5%-ից կրճատել մինչև 4,5%, 2027 թվականին՝ մինչև 3,5%, իսկ մինչև 2030 թվականը ցուցանիշը հասցնել 1%-ի։