Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի կողմից եվրապարտատոմսեր թողարկելը կարող է մասնակիորեն պայմանավորված լինել գազի գների սուբսիդավորման անհրաժեշտությամբ. փորձագետ

20.09.2013, 17:13
Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի թողարկումը կարող է մասնակիորեն պայմանավորված լինել գազի գների սուբսիդավորման ծախսերը փակելու անհրաժեշտությամբ, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Հայաստանի կողմից եվրապարտատոմսեր թողարկելը կարող է մասնակիորեն պայմանավորված լինել գազի գների սուբսիդավորման անհրաժեշտությամբ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի թողարկումը կարող է մասնակիորեն պայմանավորված լինել գազի գների սուբսիդավորման ծախսերը փակելու անհրաժեշտությամբ, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Հայաստանը նախօրեին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody's-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:

Ըստ փորձագետի, կառավարությունը կարող է եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացած միջոցներն ուղղել նաև Հայաստանի համար մատակարարվող ռուսական գազի գնի սուբսիդավորմանը։ «Առավելևս, որ ժամանակի ընթացքում այդ գործընթացները (գազի գների թանկացումը և եվրապարտատոմսերի թողարկման նախապատրաստությունը) համընկան։ Տվյալ դեպքում, իհարկե, կառավարությունը որոշ կոնկրետ խնդիրներ է լուծում»,– «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց նա։

Ըստ Մանասերյանի, ի տարբերություն արտաքին փոխառությունների, որոնք Հայաստանին են տրամադրվում որոշակի պայմաններով և պետք է ուղղվեն որոշակի ոլորտներ, ներքին պարտքի դեպքում պետությունն ինքնուրույն է որոշում ընդունում, թե ինչ նպատակների համար պետք է ծախսի ստացված միջոցները։

2013 թվականի մայիսի 14–ին ՀայՌուսգազարդը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի գների բարձրացման հայտ էր ներկայացրել։ Հուլիսի 7–ից կարգավորիչը հաստատել է սպառողների համար սահմանված նոր սակագները, իսկ կառավարությունը հայտնել է նոր գնի 30–տոկոսի սուբսիդավորման մասին։ Ավելի ուշ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ կառավարությունը փորձում է սուբսիդավորման գործընթացում ներգրավել ռուսական կողմին, քանի որ նրան է պատկանում «ՀայՌուսգազարդ» ընկերության 80 տոկոսը։ –0–