Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի պետբյուջեն երեք եռամսյակում 6,2 մլրդ դրամ պրոֆիցիտով է կատարվել. ֆիննախ

30.10.2012, 18:33
Հայաստանի պետբյուջեն հունվար–սեպտեմբեր ամիսներին 6,2 մլրդ դրամի չափով պրոֆիցիտով է կատարվել` նախատեսված 57,4 մլրդ դրամի դեֆիցիտի դիմաց, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեն հունվար–սեպտեմբեր ամիսներին 6,2 մլրդ դրամի չափով պրոֆիցիտով է կատարվել` նախատեսված 57,4 մլրդ դրամի դեֆիցիտի դիմաց, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը։

«Ինը ամիսների ընթացքում պետբյուջեի եկամուտները կազմել են 666,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 660,2 մլրդ դրամ, որոնց կատարումը կազմել է երեք եռամսյակի ընթացքում կառավարության ճշգրտված  ծրագրի 101%-ը և 92%-ը՝ համապատասխանաբար»,– ասաց նա` ավելացնելով, որ պրոֆիցիտը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականությամբ։

Միաժամանակ  գլխավոր գանձապահը տեղեկացրեց, որ արտաբյուջետային եկամուտները կազմել են 18,5 մլրդ դրամ կամ մուտքերի 101,5 տոկոսը, որոնք նախատեսված են ինը ամսվա համար, իսկ արտաբյուջետային ծախսերը կազմել են 13,8 մլրդ դրամ կամ կատարվել են 67,4 տոկոսով։ Առանց արտաբյուջետային միջոցների բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 647,9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 646,4 մլրդ դրամ` ապահովելով 9–ամսյա ծրագրի 101%  և 92,8% կատարողականություն։

Ջանջուղազյանը նշեց նաև, որ պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 20,2 մլրդ դրամ, իսկ արտաքինը` 14 մլրդ դրամ։

2012թ.–ի ինը ամիսների արդյունքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետբյուջեի եկամուտներն աճել են 7,4 տոկոսով կամ 45,8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հարկային մուտքերի աճով։

«Եկամուտների մեծ մասը` 94,2 տոկոսը, ապահովվել է հարկային մուտքերի, պետական տուրքերի, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրման վճարումների հաշվին, 5,1 տոկոսը` մյուս եկամուտներից, ևս 0,6 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին»,– նշեց Ջանջուղազյանը։

Ինը ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջեում շուրջ 628,1 մլրդ դրամ է ստացվել` հարկային մուտքերի, պետական տուրքերի և սոցիալական ապահովագրման պարտադիր վճարումների հաշվին, որոնք ապահովել են 9–ամսյա ծրագրի ամբողջական կատարողականը։

2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերն աճել են 8,7 տոկոսով կամ 50,5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ–ի, շահութահարկի, բնապահպանական վճարումների, եկամտա և ակցիզային հարկի գծով  եկամուտների աճով։
 
Ջանջուղազյանը նշեց, որ պետբյուջեի ծախսերը հունվար–սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 3,7 տոկոսով կամ 23,4 մլրդ դրամով։
«Միաժամանակ աճ է գրանցվել ընթացիկ ծախսերի ուղղությամբ, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթերի ուղղությամբ անկում է գրանցվել»,– ասաց նա։
 
Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 7,2 տոկոսով կամ 41,2 մլրդ դրամով` միաժամանակ կազմելով 611,3 մլրդ դրամ, այդպիսով 94,7 տոկոսով ապահովելով 9–ամսյա ծրագրի կատարողականը։ --0--