Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի վարչապետը Bloomberg–ին պատմել է, թե ինչպես է զարգացնելու երկիրը

22.11.2016, 11:01
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հեղինակավոր Bloomberg պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է զարգացնելու երկիրը, պայքարելու կոռուպցիայի դեմ և մրցակցություն ապահովելու։
Հայաստանի վարչապետը Bloomberg–ին պատմել է, թե ինչպես է զարգացնելու երկիրը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հեղինակավոր Bloomberg պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է զարգացնելու երկիրը, պայքարելու կոռուպցիայի դեմ և մրցակցություն ապահովելու։

«Մենք առաջարկում ենք հնարավոր ամենաարագ փոփոխությունները. կոռուպցիայի դեմ պայքար՝ բյուրոկրատիայի կրճատման ճանապարհով, և պետական ֆոնդի հիմնում՝ ձեռնարկատիրության աջակցության նպատակով»,– ասել է կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով, գործարարությանը չպետք է խոչընդոտեն կոռումպացված պաշտոնյաները, ովքեր ձգտում են դրամական փոխհատուցում ստանալ վարչական որոշումների կայացման դիմաց, կամ գերիշխող մրցակցային դիրքում գտնվող տնտեսավարողները, ովքեր, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, փորձում են սահմանափակել ազատ մրցակցությունը:

Խոսելով հանրապետության տնտեսական իրավիճակի մասին` վարչապետը նշել է, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5.8 մլրդ դոլար, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար և 2017թ.-ին 3.2% աճը չի կարող ապահովել կենսամակարդակի կտրուկ բարելավում:

«Մենք ունենք նաև արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն և մեր ստացած եկամուտները»,– ասել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության և հարկային օրենսգրքի փոփոխություններն ուղղված են թափանցիկության ավելացմանը։ «Մենք թույլ չենք տա գերիշխող մրցակցային դիրքում գտնվող խաղացողներին ճնշել մրցակցությունն` ի հաշիվ իրենց ունեցած վարչական լծակների: Ոչ ոք ոչ անձեռնմխելի է, և ոչ էլ արտոնյալ»,– ավելացրել է նա` կարևորելով խորհրդատվական խմբի ձևավորում, որը կներառի արտասահմանյան մասնագետների։

«Անհրաժեշտ է ուղեղների գրոհ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք զարգացնել երկիրը երկարաժամկետ հեռանկարում, ներառյալ հարկային փոփոխությունները, առողջապահությունը, կրթությունը և գյուղատնտեսությունը»,– համոզված է Հայաստանի վարչապետը։

Մեկնաբանելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին` կառավարության ղեկավարն ասել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ԵՏՄ-ին, և հնարավոր է բացասական ազդեցությունն լիներ ավելի մեծ, մինչդեռ անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի սահմանափակում ՀՀ հնարավորությունը զարգացնելու առևտուրը ԵՄ երկրների հետ:

Նա նշել է նաև, որ Հայաստանը փորձում է ամրապնդել առևտրային հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատժամիջոցների թուլացմանը զուգընթաց, ավելացնելով, որ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25–ը հանձնարարվել է մշակել ծրագիր՝ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ՝ նպատակ ունենալով խթանել համագործակցությունը տարբեր ոլորտներում:

«Մենք գիտակցում ենք, որ պետական ծախսերի կրճատումը կարող է ունենալ նաև հակառակ ազդեցություն, այն դեպքում, երբ գործարարները հիմնական ներդրումներն իրականացնում են մինչև ընտրությունները կամ հետո ընկած ժամանակահատվածում»,– նշել է նա։

Ըստ Կարապետյանի, կառավարության նպատակն է` առաջիկա 6 ամիսների ընթացքում զարգացնել հստակ երկարաժամկետ ծրագրեր, որոնք 2018թ.-ից սկսած հնարավորություն կտան տարեցտարի ապահովել կայուն տնտեսական աճ: -0-