Հայաստանին գազ մատակարարելու հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը քաղաքական շոու է. էներգետիկայի նախարարություն
11.06.2013,
20:31
Ադրբեջանի այն հայտարարությունը, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը լուծվի, վերջինս հնարավոր է քննարկի Հայաստանին գազ մատակարարելու հարցը, ընդամենը քաղաքական շոու է, երեքշաբթի հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի այն հայտարարությունը, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը լուծվի, վերջինս հնարավոր է քննարկի Հայաստանին գազ մատակարարելու հարցը, ընդամենը քաղաքական շոու է, երեքշաբթի հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նավթի պետական ընկերությունը (SOCAR)։
«Ես, իհարկե, ոչ դիվանագետ եմ և ոչ էլ քաղաքական գործիչ, սակայն իմ կարծիքով սա ընդամենը քաղաքական շոու է, որին Ադրբեջանը դիմում է` օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից»,– ասաց Արեգ Գալստյանը։
Ըստ նրա` բոլորովին անհասկանալի է, թե որ ձևաչափով ադրբեջանական կողմը կարող է Հայաստան գազի մատակարարում կազմակերպել։
«Մեր փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ շփվելիս նրա կողմից ոչ մի անգամ բարի կամք չի դրսևորվել առանց որևէ նախապայմանների կամ խիստ պահանջների»,– ասաց Գալստյանը։
Միաժամանակ նա ավելացրեց, որ զուտ տեխնիկական տեսանկյունից Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումը հնարավոր է, և այդ գործընթացը բավական պարզ է, սակայն այդ հարցն առաջին հերթին պետք է լուծվի դիվանագետների և արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից, և այսօրվա դրությամբ այդ խոսակցությունները անլուրջ են։
«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։
2004թ.-ին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը` երկրում բնական գազի մատակարարման ռեսուրսային բազայի ընդլայնման և հանրապետությունում երկրորդ տեխնոլոգիական մուտք ստեղծելու նպատակով: Գազամուղը բացվել էր 2007թ.–ին։ Իրանական գազը վերածվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց 3 կՎտ/ժ հաշվարկով Իրան արտահանման համար։ Համաձայնագիրը նախատեսում է, որ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին 36 մլրդ խորանարդ մետր բնական գազ կմատակարարի` հինգ տարով պայմանագրի գործողության ժամկետի հնարավոր ավելացմամբ և մինչև 47 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների ընդհանուր ծավալով։ --0--