Հայաստանի սահմանամերձ համայնքներում բիզնեսը կազատվի հարկերից
18.11.2014,
13:39
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները երեքշաբթի երկրորդ ընթերցմամբ ընդունեցին կառավարության ներկայացրած հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որոնց համապատասխան` նախատեսվում է հարկերից ազատել սահմանամերձ գյուղական համայնքներում գործող ընկերությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները երեքշաբթի երկրորդ ընթերցմամբ ընդունեցին կառավարության ներկայացրած հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որոնց համապատասխան` նախատեսվում է հարկերից ազատել սահմանամերձ գյուղական համայնքներում գործող ընկերությունները։
«Օրենսդրական փոփոխությունների նպատակը սահմանամերձ գյուղական համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է, գործարար միջավայրի և ներդրումային գրավչության բարելավումը», - օրինագիծը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
Նրա խոսքերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանամերձ գյուղական համայնքների ձեռներեցներին ազատել ԱԱՀ-ից, եկամտահարկից և շահութահարկից։ Միրումյանը նշեց, որ օրենքի կիրառման արդյունքում աջակցությունը ձեռներեցներին կկազմի 2 մլրդ. դրամ։
Ներկայացնելով մյուս լրացումները` փոխնախարարն ասաց, որ փոփոխություններ են նախատեսված նաև ԱԱՀ մասով, որոնք թույլ կտան պահպանել բիզնեսի զարգացման համար լրացուցիչ շրջանառու միջոցները և փուլ առ փուլ կներդրվեն 9700 սուբյեկտների համար։
Նա ընդգծեց, որ օրենսդրական փոփոխությունների ընդունումը թույլ կտա երկրի սահմանամերձ շրջաններում ապահովել զբաղվածությունը։
Փոխնախարարը նշեց, որ օրինագծով նախատեսված են դրույթներ` ուղղված շրջաններում բիզնեսի հնարավոր վերագրանցման և խոշոր բիզնեսի` հարկումից խուսափելու և օրենքով նախատեսված արտոնություններից օգտվելու նպատակով մասնատման դեպքերի կանխմանը
Ծրագրվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից։--0--