Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայ և լիտվացի ձեռներեցները երկկողմանի համագործակցություն են հաստատում

23.03.2015, 18:26
Հայ-լիտվական գործարար համաժողովի շրջանակում տնտեսական ոլորտում համագործակցության մասին հուշագրեր են երկուշաբթի ստորագրվել Հայաստանի և Լիտվայի մի շարք կազմակերպությունների միջև։
Հայ և լիտվացի ձեռներեցները երկկողմանի համագործակցություն են հաստատում
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ-լիտվական գործարար համաժողովի շրջանակում տնտեսական ոլորտում համագործակցության մասին հուշագրեր են երկուշաբթի ստորագրվել Հայաստանի և Լիտվայի մի շարք կազմակերպությունների միջև։

Փաստաթղթերը ստորագրել են Լիտվայի արդյունաբերողների միությունը և Զարգացման հայկական գործակալությունն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատը` Վիլնյուսի Առևտրի, արդյունաբերության և արհեստների պալատի հետ։

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Արմեն Խաչատուրյանը գործարար համաժողովի ժամանակ նշեց, որ Հայաստանն արդեն այսօր գրավիչ երկիր է բարենպաստ գործարար միջավայրի առումով և ներդրումային գործունեության իրականացման տեսակետից։

«Այսօր տրվում է համատեղ ծրագրի մեկնարկը, որն ուղղված է Լիտվայի և Հայաստանի միջև գործարար կապերի ամրապնդմանը և խորացմանը», - նշեց Խաչատուրյանը։

Նրա խոսքերով` Հայաստանն այսօրվա դրությամբ ԵՏՄ անդամ է, ազատ տնտեսական հարաբերություններ ունի ԱՊՀ գրեթե բոլոր պետությունների հետ, ինչպես նաև օգտվում է ԵՄ երկրների հետ արտոնությունների համընդհանուր ռեժիմներից, ինչը նրան ավելի գրավիչ է դարձնում բիզնեսի տեսակետից։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի և Լիտվայի շուկաները հարևան երկրների բացասական գործոնների ծանր ազդեցության տակ են գտնվում։

«Տարածաշրջանային քաղաքական-տնտեսական իրավիճակը վատն է։ Սակայն նման պայմաններում անհրաժեշտ է փնտրել նոր շուկաներ, ծրագրեր, նոր համագործակցություն։ Լիտվացի գործարարների պատկառելի պատվիրակության այցը չափազանց կարևոր է։ Մենք պետք է ուսումնասիրենք մեր հնարավորությունները, թույլ և ուժեղ կողմերն ու համատեղ նախագծերը», - ասաց Ղազարյանը։

Նրա խոսքերով` Երևանը և Վիլնյուսը պետք է դիմակայեն հարևան երկրների բացասական ազդեցությանը։ «Սակայն իրար նման փոքր երկրները` Հայաստանը և Լիտվան, ճկուն են։ Այժմ հարաբերությունների վերականգնման գործընթաց է ընթանում մեր երկրների միջև, որոնք կորցրեցին միմյանց մի քանի տարվա ընթացքում», - ասաց Ղազարյանը։

Նա նշեց նաև, որ համագործակցության ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում ՏՏ ոլորտի համագործակցությանը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմանը, դեղագործությանը, շինարարությանը։ «Լիտվան Արևելյան Եվրոպայի ամենամեծ «շինարարական» երկրներից է։ Լիտվային հետաքրքրում է Հայաստանի նոր դերը պատժամիջոցների պայմաններում, որոնք սահմանափակել են այդ երկրի հնարավորությունները ռուսական շուկայի համար», - նշեց Ղազարյանը։

Նա հայտնեց, որ երեքշաբթի տեղի կունենա հանդիպում Հայաստան-Լիտվա-Իրան ձևաչափով, որի ընթացքում կքննարկվեն հետագա համագործակցության հարցերը։

Լիտվայի արդյունաբերողների միության նախագահ Ռոբերտաս Դարգիսը նշեց, որ հաշվի առնելով Հայաստանում և Լիտվայում հարուստ ռեսուրսների բացակայությունը` անհրաժեշտ է կատարելագործել արդյունաբերությունը, ինչը թույլ կտա երկրներին զարգանալ։

2014թ. նոյեմբերի 27-28-ին Վիլնյուսում տեղի ունեցած հայ-լիտվական գործարար համաժողովի ժամանակ ստորագրվեց 9 հուշագիր, այդ թվում` «Մերիդիան» և «Կաունաս», «Կլայպեդ», «Մարիամպոլե», «Կեդայնի» ազատ առևտրի գոտիների միջև։ -0-