Հայաստանն արդիականացնում է ցամաքային անցակետերը. միասնական թվային հարթակ, AI վերահսկողություն և էլեկտրոնային կապարակնիքներ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ Հայաստանում մշակվում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ ցամաքային անցակետերի բոլոր գործառույթների կառավարման համար, հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Այս համակարգը կմիավորի առանձին հարթակները և կապահովի անխափան ինտեգրում պետական այլ մարմինների տվյալների բազաների հետ: Նախատեսվում է ներդնել բեռների վերաբերյալ նախնական տեղեկատվության էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ստանալ և գնահատել տեղեկությունները տեղափոխվող ապրանքների մասին նախքան տրանսպորտային միջոցների ժամանումը»,- չորեքշաբթի Երևանում ընթացող «Doing Digital» ֆորումի ժամանակ ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև բեռնատարների հերթերի կառավարման թվային համակարգի ուղղությամբ, որի նպատակն է կրճատել հապաղումները և կարգավորելու ելքային հոսքը: Ակնկալվում է, որ բեռնատարների շարժի ավտոմատացումը թույլ կտա կանխել հերթերի գոյացումը ցամաքային անցակետերում:
«Բացի այդ, նախատեսվում է ներդնել շարժման մեջ կշռման ժամանակակից համակարգեր, որոնք ավտոմատ կերպով կարձանագրեն տրանսպորտային միջոցների զանգվածը՝ առանց դրանց կանգառի: Նախատեսվում է նաև ձեռք բերել ժամանակակից ռենտգենյան սարքավորումներ՝ AI տեխնոլոգիաների կիրառմամբ: Ենթադրվում է, որ այս գործիքները ավտոմատ կերպով կբացահայտեն ռիսկերը՝ ապահովելով անհպում հսկողություն և զգալիորեն արագացնելով ապրանքների տեղաշարժը»,- ասել է Հակոբյանը:
Նա տեղեկացրել է, որ բարեփոխումների մեկ այլ բաղադրիչ կդառնա էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործումը: Ի տարբերություն ավանդական ֆիզիկական կապարակնիքների, այս սարքերը կապահովեն տրանսպորտային միջոցների թվային հետագծելիությունը իրական ժամանակում Հայաստանի ողջ տարածքում: Ակնկալվում է, որ այս լուծումները թույլ կտան ձևավորել ժամանակակից մաքսային համակարգ՝ ներառելով նվազագույն ֆիզիկական միջամտությունն ու բեռների արագ թողունակությունը:
«Ակնկալվում է, որ այս բարեփոխումները կապահովեն ուղևորների և բեռների օպտիմալ շարժ՝ տրամադրելով համաշխարհային մակարդակի սպասարկում ողջ տրաֆիկի համար, որն անցնում է TRIPP-ով և տարբեր սահմանային անցակետերով: Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները մտադիր են ինտեգրել էլեկտրոնային առևտուրը հարկային և մաքսային ենթակառուցվածքներում՝ e-commerce ոլորտի թռիչքաձև աճի ֆոնին»,- ասել է Հակոբյանը:
«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիագործընկերն է: