Հայաստանն ու ԱՄՆ–ն աշխատում են TRIPP նախագծի վրա․ Ուիթքոֆն անդրադարռել է երկաթուղային ուսումնասիրություններին և ներդրումային մեխանիզմներին
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ-ն վերջին տարվա ընթացքում աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնությունների գործնական իրականացման ուղղությամբ՝ երկաթուղային ինժեներական ուսումնասիրությունների, պետական-մասնավոր համակարգման և կապիտալ ներդրումների մեխանիզմների միջոցով, գրել է ԱՄՆ նախագահի խաղաղարար առաքելությունների հարցերով հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը:
Washington Examiner պարբերականի կայքում հրապարակված հեղինակային սյունակում, որը նվիրված է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական համաձայնությունների մեկամյակին, Ուիթքոֆը հայտնել է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի արդյունքը դարձավ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հայեցակարգը:
Նրա խոսքով՝ TRIPP-ը նախատեսում է ԱՄՆ-ի գործընկերությունը Հայաստանի հետ՝ հանրապետության տարածքով անխափան մուլտիմոդալ երթուղիների ստեղծման համար՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիակատար պահպանմամբ:
Խոսելով վերջին տարվա ընթացքում համաձայնությունների գործնական իրականացման մասին՝ Ուիթքոֆը նշել է երկաթուղային ինժեներական հետազոտությունները, պետական-մասնավոր համակարգումը և կապիտալ ներդրումների մեխանիզմները:
Հատուկ պատվիրակը նաև հայտարարել է, որ ակնկալում է TRIPP-ի հետագա աշխարհագրական զարգացում:
«Մենք ակնկալում ենք, որ TRIPP-ը կշարունակվի Կասպից ծովով, իսկ ինքնին հայեցակարգը կզարգանա նաև Մերձավոր Արևելքում», — գրել է Ուիթքոֆը:
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխափան մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ իր տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:
Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր. նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը:
TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն գործարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը նախ և առաջ ներդրումային նախագիծ է, որի շնորհիվ ակնկալվում է նոր ներդրումների միլիարդավոր դոլարների հոսք դեպի Հայաստան: