Հայաստանում արտահանման անկումն ու ներմուծման աճն ավելացրել են առևտրային պակասուրդը՝ մինչև ՀՆԱ–ի 5,4%․ ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 3,3%-ով (տ/տ), մինչդեռ ներմուծումն աճել է 2,5%-ով (տ/տ), ինչը հանգեցրել է առևտրային պակասուրդի ընդլայնմանը՝ 2025 թվականի տարեկան ՀՆԱ-ի 5,1%-ից մինչև 2026 թվականի կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 5,4%-ը։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – June 2026» ամփոփագրում։
Ընդ որում, ինչպես նշում են ՀԲ վերլուծաբանները, ապրիլին արտահանումը կրճատվել է 25,9%-ով։
«Արտահանումը նվազել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման շարունակվող անկման պատճառով՝ 72,3%-ով, որոնք 2023 թվականից ի վեր հանդիսանում են վերաարտահանման հիմնական հատվածը։ Առանց վերաարտահանման այս հատվածը հաշվի առնելու՝ ընդհանուր արտահանումն աճել է 21,7%-ով, հիմնականում՝ ոլորտի վերականգնումից և արտադրության աճից հետո լեռնահանքային արտադրանքի արտահանման 75,6% աճի, ինչպես նաև պատրաստի սննդամթերքի արտահանման 12,5% աճի հաշվին», - ասվում է հետազոտության մեջ։
Ամփոփագրում նշվում է, որ ներմուծումը նույնպես կրճատվել է, թեև ավելի դանդաղ տեմպերով՝ 5,8%-ով, ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման 79,9% անկմամբ և պլաստիկե արտադրատեսակների ներմուծման 17,7% նվազմամբ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար–ապրիլին կազմել է 6,3 միլիարդ դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0,3%-ով։ Ընդ որում, 4 ամսվա ընթացքում արտահանումը կազմել է 2,3 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը՝ մոտ 4 միլիարդ դոլար։