Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում երեք հսկիչ անցակետերի արդիականացումը Եվրամիության ցուցաբերած հերթական աջակցության ապացույցն է. Հրիստեա

27.09.2013, 19:50
Հայ–վրացական սահմանին գտնվող Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հսկիչ անցակետերերի արդիականացման ծրագիրը Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերված հերթական աջակցության ևս մեկ ապացույցն է, Երևանում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։
Հայաստանում երեք հսկիչ անցակետերի արդիականացումը Եվրամիության ցուցաբերած հերթական աջակցության ապացույցն է. Հրիստեա
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ–վրացական սահմանին գտնվող Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հսկիչ անցակետերերի արդիականացման ծրագիրը Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերված հերթական աջակցության ևս մեկ ապացույցն է, Երևանում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։

Բագրատաշեն, Բավրա և Գոգավան հսկիչ անցակետերի արդիականացման ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ուրբաթ Բագրատաշենում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։

Ըստ Հրիստեայի, նույնիսկ եթե Հայաստանն ընտրի մեկ այլ մաքսային և առևտրային ռեժիմ, առևտրի պարզեցման գործողությունները Հայաստանի և ԵՄ–ի հարաբերությունների կարևոր մասն են մնում։

«Ինձ թվում է` ինչպես հսկիչ անցակետերից օգտվող քաղաքացիների, այնպես էլ տնտեսական սուբյեկտների համար, ովքեր կշահեն դրանից, դա չնայած փոքր, սակայն նշան կլինի, որ մենք պատրաստ ենք և հակված ենք օգտակար լինել»,– լրագրողներին ասաց նա։

Հրիստեան ավելացրեց, որ մարդկանց կողմից սահմանը հատելուց և բեռնափոխադրումները հեշտացնելուց կշահի ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը, իսկ Հայաստանի և ԵՄ–ի համար կարևոր է մնում անդրսահմանային առևտրի խթանումը, եվրոպական չափանիշներին դրա մոտեցումը։

Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող և ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP)  մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն իր հերթին հայտնեց, որ ըստ ՄԱԿ–ի և UNDP–ի, այդ նախագիծն անկյունաքար կդառնա և երեք հիմնական գործընկերների` ՀՀ կառավարության, ԵՄ–ի և UNDP–ի միջև համագործակցության վառ օրինակ։

«Մենք շատ ուրախ ենք։ Սա շատ հազվադեպ և նորարարական երևույթ է, երբ UNDP–ն ընտրվում է որպես նախագծի իրականացման գործընկեր»,– ասաց նա։

Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում միջազգային չափանիշներին համապատասխան նոր ժամանակակից, տեխնիկապես վերազինված սահմանային ենթակառուցվածքներ կլինեն։  Հսկիչ անցակետերում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը զգալիորեն կհեշտացնի սահմանի հատումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կպակասեցնի բյուրոկրատական քաշքշուկը, քանի որ սահմանում գործող վեց տարբեր պետական մարմինների փոխարեն քաղաքացիներն ու բեռնափոխադրող ընկերությունները գործ կունենան մեկ կամ երկու պետական մարմնի հետ։

Այդ երեք սահմանային կետերի արդիականացման ծրագրի իրականացման նպատակով հայ–վրացական սահմանին Եվրոպական ներդրումային բանկը (European Investment Bank – EIB) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը համապատասխանաբար 30,316 մլն եվրոյի և 10,294 մլն եվրոյի վարկային միջոցներ կհատկացնեն։

Ծրագրի իրականացման համար, բացի EIB–ից և ՎԶԵԲ–ից, միջոցներ կտրամադրի նաև ԵՄ հարևանության ներդրումային հիմնադրամը  (NIF) (12 մլն եվրոյի չափով դրամաշնորհ), իսկ եվրոպական կառույցներն ու ՄԱԿ–ի ԶԾ–ն ավելի քան 4 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնեն։ –0–