Հայաստանում կառուցվում է նավթամթերքի վերամշակման գործարան․ ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Արարատի մարզում կառուցվում է նավթամթերքի վերամշակման գործարան, նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 մասնագետների։
Ներդրումային ծրագրով փուլային եղանակով նախատեսվում է կառուցել նավթամթերքի և բիտումի պահեստարաններ, բիտումի արտադրամաս, ածխաջրածինների վերամշակման կայան, կազմակերպել նավթամթերքի տարբեր տեսակների տեղական արտադրություն։
Բիտումի արտադրության ծավալների ամբողջական իրացումը հնարավորություն կտա ապահովել այդ արտադրանքի ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային պահանջարկը։
Նախապատրաստական աշխատանքների ընթացքին գործարանի տարածքում ծանոթացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանի ուղեկցությամբ։