Հայաստանում կներդրվի շինարարության որակի վերահսկողության միասնական էլեկտրոնային համակարգ
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսվում է ներդնել միասնական էլեկտրոնային համակարգ, որը կմիավորի շինարարության և տեխնիկական որակի վերահսկման գործընթացների մասնակիցներին: Այս ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները քննարկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել շինարարության որակի տեխնիկական հսկողության թվայնացման և իրավական կարգավորումների արդիականացման վերաբերյալ։
Ակնկալվում է, որ բարեփոխումները կմիավորեն գործընթացի բոլոր մասնակիցներին մեկ միասնական էլեկտրոնային համակարգի շրջանակներում: Այս համակարգը հնարավորություն կտա իրականացնել առցանց համաձայնեցումներ, արձանագրել աշխատանքներն իրական ժամանակում, ինրպես նաև կտրամադրի տեղեկատվության առցանց հասանելիություն վերահսկող մարմինների համար։
Ակնկալվում է նա ևգործընթացների թափանցիկության և վերահսկելիության ապահովում և շինարարության որակի բարելավում:
Բարեփոխումները ներառում են նաև նախագծերի փորձաքննության և որակի բարելավվում, գնագոյացման նոր քաղաքականության ընդունում, շինարարական, կառուցապատող ընկերությունների վարկանիշավորում, շենքերի միջազգային հավաստագրման համակարգերի կիրառության խրախուսում, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման ինստիտուտի զարգացում:
Նիստում քննարկվել են շինարարական ծրագրերի կառավարման և տեխնիկական հսկողություն իրականացնող համակարգի ներդրման, մասշտաբայնության, շահագործման և սպասարկման վերաբերյալ հարցեր:
Վարչապետը կարևորել է շինարարության որակի ապահովման և վերահսկողության բարձրացմանն ուղղված գործընթացը, ընդգծել բոլոր փուլերում ստանդարտներին համապատասխանության ստուգման կարևորությունը և հանձնարարել մեկնարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը: