Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում ներդրումների և արտահանումների ծավալը 2013թ.–ին կրճատվել է շուկայի ցածր գրավչության պատճառով. փորձագետ

25.09.2013, 16:07
Ընթացիկ տարում Հայաստանում կրճատվել է ներդրումների և արտահանման ծավալը, հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Հայաստանում ներդրումների և արտահանումների ծավալը 2013թ.–ին կրճատվել է շուկայի ցածր գրավչության պատճառով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարում Հայաստանում կրճատվել է ներդրումների և արտահանման ծավալը, հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Պատճառների թվում կնշեմ ներքին շուկայի գրավչության բացակայության խնդիրը»,–չորեքշաբթի լրագրողներին ասաց Մանասերյանը։

«Հայաստանում չեն խթանվում ներքին ներդրումները, այսինքն մեզ մոտ այնպիսի միջավայր չի ստեղծվել, որպեսզի մենք ինքներս միջոցներ ներդնենք մեր երկրում և տեղի գործարարները շահագրգռված լինեն իրենց կապիտալը օգտագործել Հայաստանում»,– ասաց նա` ավելացնելով, որ նման իրավիճակը կարող է խթանել երկրի կապիտալի հետագա արտահոսքը։

Միաժամանակ ներկայացնելով արտահանման կառուցվածքը` Մանասերյանը հիշեցրեց, որ Հայաստանը հիմնականում հանքանյութ է արտահանում։

«Մենք հետ ենք մնում վերամշակման ոլորտում։ Այդ խնդիրը կապված է նոր տեխնոլոգիաների ներմուծման հետ»,– ասաց նա` պարզաբանելով, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար պետք է ժամանակավորապես վերացնել 300 մլն դրամից թանկ, ներկրվող տեխնոլոգիաների ԱԱՀ–ն։

Ըստ Մանասերյանի, Հայաստանում ՓՄՁ–ին աջակցելու ոչ ստանդարտ մոտեցումներից է պետության ուղիղ մասնակցությունը բիզնես–ծրագրերին, որն ընթացիկ տարում կրճատվել է նախորդ երկու տարիների համեմատ։ Նա նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում բիզնես–ծրագրեր են եղել, որոնք իրականացվել են պետության աննախադեպ մասնակցությամբ և կառավարության աջակցությամբ, սակայն դա բավարար չէ։

«Մենք կարծում ենք, որ ոչ միայն բիզնեսը պետք է դիմի պետությանը` տարբեր բիզնես–ծրագրերին աջակցելու խնդրանքով, այլև կառավարությունն ինքը` ի դեմս նախարարությունների և գործակալությունների, պետք է քայլեր ձեռնարկի բիզնես հանրության, ՓՄՁ–ի ուղղությամբ և գտնի այն մրցունակ ոլորտները, որոնք աջակցության կարիք ունեն»,– ասաց Մանասերյանը։

Փորձագետը նշեց, որ այդ աջակցությունը կարող է արտահայտվել ոչ միայն ֆինանսական օգնությամբ, այլ նաև կազմակերպչական, մարքեթինգային և այլ խնդիրների լուծմամբ, որոնց կարող է բախվել գործարարը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների, Հայաստանի ՀՆԱ–ի կառուցվածքում ՓՄՁ ոլորտի տեսակարար կշիռը 2012թ.–ի արդյունքներով, ինչպես 2011թ.–ին, կազմել է շուրջ 43 տոկոս։

Ըստ ԱՎԾ տվյալների` արտահանման ծավալը 2013թ.–ի հունվար–օգոստոսին կազմել է 952,2 մլն դոլար` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,9 տոկոսով։ Միաժամանակ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–օգոստոսին ավելացել է 2,8 տոկոսով` հասնելով շուրջ 3 656,5 մլն դոլարի։

Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2013 թ.–ի 6 ամսվա ընթացքում կազմել է 293 մլն դոլար` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համաձայն կրճատվելով 34,7 տոկոսով։ –0–