Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը 10 ամսում ավելացել է 20,6%–ով՝ գերազանցելով 551 մլրդ դրամը

Այսօր, 18:40
Հայաստանում 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 551 434.5 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2024 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 20.6%-ով
Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը 10 ամսում ավելացել է 20,6%–ով՝ գերազանցելով 551 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 551 434.5 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2024 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 20.6%-ով։ Այս մասին հայտնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 89 272.5 մլն դրամ, ինչը 20.1%-ով ավելի է, քան նախորդ տարվա հոկտեմբերին:

Պետական բյուջեի հաշվին շինարարության ծավալը 10 ամիսների ընթացքում կազմել է 145 202.2 մլն դրամ կամ ընդհանուր շինարարական աշխատանքների ծավալի 26.3%-ը (2024 թվականի 10 ամիսների նկատմամբ աճը՝ 38.2%):

Համայնքային միջոցների հաշվին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 27 913.2 մլն դրամ (մասնաբաժինը՝ 5.1%, աճը՝ 28.4%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին՝ 1 880.3 մլն դրամ (մասնաբաժինը՝ 0.3%, անկումը՝ 45.9%), կազմակերպությունների միջոցների հաշվին՝ 256 321.6 մլն դրամ (մասնաբաժինը՝ 46.5%, աճը՝ 15.5%), իսկ բնակչության միջոցների հաշվին՝ 120 117.2 մլն դրամ (մասնաբաժինը՝ 21.8%, աճը՝ 14.9%)։

Ընդ որում, միջազգային վարկերի հաշվին շինարարության ծավալը 10 ամսում կազմել է 32 520.4 մլն դրամ (մասնաբաժինը՝ 5.9%)՝ նախորդ տարվա 10 ամիսների համեմատ գրանցելով 11.8% անկում։

Միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 1 339.9 մլն դրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ 1 886.3 մլն դրամ, Եվրոպական ներդրումային բանկին՝ 649.7 մլն դրամ, Ասիական զարգացման բանկին՝ 14 679.7 մլն դրամ, Գերմանական զարգացման բանկին՝ 1 835.1 մլն դրամ, իսկ այլ կառույցներին՝ 12 129.7 մլն. դրամ։

Շինարարական աշխատանքների առավել մեծ ծավալներն իրականացվել են անշարժ գույքի հետ կապված գործունեության գծով (ծավալը՝ 279 574.5 մլն դրամ, ընդհանուր կառուցվածքում մասնաբաժինը՝ 50.7%), տրանսպորտի (ծավալը՝ 71 442.1 մլն դրամ, մասնաբաժինը՝ 13%) և կրթության (ծավալը՝ 63 612.8 մլն դրամ, մասնաբաժինը՝ 11.5%) ոլորտներում։ (1 դոլարը՝ 381․55 դրամ)