Հայկական ագրոարտադրանքում ԳՄՕ չկա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական գյուղատնտեսական արտադրանքում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ չկան, ասաց Հայասանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։
«Ազգային ժողովում այդ հարցը նույնպես քննարկվել է։ Մենք գրավոր դիմել ենք համապատասխան հանձնաժողովի ղեկավարին` խնդրելով ցույց տալով այն դաշտը, թե որտեղ է Հայաստանում օգտագործվում ԳՄՕ, այդպես էլ ցույց չտվեցին, որովհետև չկա։ Մեր հայ ֆերմերը չի մշակում գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր»,– ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսում։
Հայաստանի խորհրդարանում հունվարի 26–ին լսումներ են անցկացվել «Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ` այլընտրանք, թե հարկադրում» թեմայով։ Մի քանի ամիս առաջ երկրում մեծ իրարանցում էր առաջացել ԳՄՕ–ի իրացմամբ զբաղվող Monsanto ընկերության շնորհանդեսից հետո։
Միաժամանակ Բերբերյանն ասաց, որ ԳՄՕ–ի հետ կապված այլ խնդիրներ էլ կան, որի մասին բաց չի խոսվում։
«Խոսքը սոյայի մասին է, որը հանրապետություն է ներկրվում տարբեր երկրներից տարբեր անվանումներով, մասնավորպես, սոյայի ալյուր, սոյայի փոշի, աղացած սոյա։ Եվ այն օգտագործվում է երշիկի, խմորեղենի, կաթի վերամշակման մեջ։ Այդ սոյան ԳՄՕ–ացված է»,– ասաց նա։
Նրա խոսքով, փոխանակման ծրագրով նա աշխատել է Monsanto–ում և տեսել է, թե ինչի համար է այնտեղ օգտագործվում ԳՄՕ–ն։
«Աճեցվող գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորենը հանձնում են սպիրտի գործարան։ 8 տոննա եգիպտացորենից ստանում են 4 տոննա սպիրտ, որը խառնում են բենզինի հետ և կենսավառելիք են ստանում»,– ասաց նա։ -0-