Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայկական ավիացիան պետք է մասնակիորեն ազգայնացվի. փորձագետ

08.04.2013, 18:34
Հայկական ավիացիան պետք է մասամբ ազգայնացվի, կարծում է ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը:
Հայկական ավիացիան պետք է մասնակիորեն ազգայնացվի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական ավիացիան պետք է մասամբ ազգայնացվի, կարծում է ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը:

«Պետությունը պետք է որոշակի բաժնեմաս ունենա այդ ոլորտում`առնվազն 26 տոկոս, որ անհրաժեշտության և բարդ իրավիճակների դեպքում կարգավորման որոշ լծակներ ունենա»,- նշեց Մուրադյանը:

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում պետությանն է պատկանում «Աէրոֆլոտ» ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, Թուրքիայում` «Turkish airlines» ընկերության 49 տոկոսը:

Փորձագետը նշեց, որ դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները թռիչքներ դադարեցնելու ցուցումներ ունեն ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում:

«Եթե նման իրավիճակ լինի, ապա մեր հանրապետությունը շատ մեծ խնդրի առջև կկանգնի»,- ասաց նա:

Որպես օրինակ Մուրադյանը բերեց Սիրիան, որտեղ միջազգային բոլոր ավիաընկերությունները դադարեցրին ավիափոխադրումները քաղաքական դրության բարդացման պատճառով, սակայն ազգային ավիափոխադրողի առկայությունը թույլ տվեց չընդհատել այլ երկրների հետ հաղորդակցությունը:

Ըստ նրա, ավիացիայի մասնակի ազգայնացումը թույլ կտար խուսափել «Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնանկացումից:

Բացի այդ, նրա կարծիքով, Հայաստանում անհրաժեշտ է մշակել Օդային օրենսգիրք, որը թույլ կտա հարաբերությունները կարգավորել ինչպես ավիաընկերությունների և ուղևորների միջև, այնպես էլ ավիափոխադրողների և օդանավակայանների միջև:

«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքներն ու սնանկացման գործըթնաց սկսում: Ապրիլի 11-ից ընկերությունը կսկսի գումարները վերադարձնել նախապես ավիատոմսեր գնած ուղևորներին: -0-