Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀայՌուսգազարդում Հայաստանի մասնաբաժնի վաճառքը թույլ կտա խուսափել առաջիկա հինգ տարիներին գազի թանկացումից. ՀՀԿ

24.06.2013, 13:45
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում ՀՀ կառավարության բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին վաճառելը թույլ կտա առաջիկա հինգ տարիներին խուսափել գազի սակագների թանկացումից, երկուշաբթի լրագրողներին ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։  

ՀայՌուսգազարդում Հայաստանի մասնաբաժնի վաճառքը թույլ կտա խուսափել առաջիկա հինգ տարիներին գազի թանկացումից. ՀՀԿ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում ՀՀ կառավարության բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին վաճառելը թույլ կտա առաջիկա հինգ տարիներին խուսափել գազի սակագների թանկացումից, երկուշաբթի լրագրողներին ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։  

«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հունիսի 17-ին համագործակցության հարցեր են քննարկել Մոսկվայում։ Մասնավորապես խոսվել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Գազպրոմի մասնաբաժինը 80 տոկոսից 100 տոկոս դարձնելու մասին։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցերը։

«Բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն ըստ իմ ունեցած տեղեկատվության` դա (Հայաստանի մասնաբաժնի վաճառքը) թույլ կտա այնպես անել, որպեսզի գոնե առաջիկա հինգ տարիներին գազի գները այլևս չփոխվեն»,– ասաց նա։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին կայացած նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)` նախկին
132 հազար դրամի փոխարեն։

Ինչպես նշեց Սահակյանը, Հայաստանին պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսից ստացած եկամուտներն ամբողջովին ներդրվել են ծառայությունների որակը բարձրացնելու գործում, այդ պատճառով բաժնետոմսերի վաճառքից ««Գազպրոմը» չի շահում, իսկ մենք պարտվում»։

Խոսելով Հայաստանի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում մասնաբաժին ունենալու ռազմավարական նշանակության մասին` նա նշեց, որ Հայաստանը ցանկացած պահի ցանկության դեպքում կարող է հրաժարվել ռուսական գազից։ «Մենք կարող ենք հինգ տարի անց և նույնիսկ հիմա ասել, որ մեզ հարկավոր չէ «Գազպրոմը», և մենք այլևս չենք ցանկանում ռուսական գազ գնել. դա մեր իրավունքն է»,– պարզաբանեց նա։

Միաժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ 2014թ.–ի հունվարի 1–ից Հայաստանում աշխատավարձերի համընդհանուր բարձրացում տեղի կունենա, իսկ 60–70 հազար սոցիալապես անապահով ընտանիքներ գազ կստանան նույն գնով, որով այժմ են ստանում։

Ըստ հայկական ԶԼՄ–ների տեղեկատվության` 2011թ.–ի վերջին «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալը կազմել է 312 մլրդ դրամ, իսկ ՀՀ կառավարության մասնաբաժինը` 6,24 մլրդ դրամ կամ շուրջ 150 մլն դոլար, և այդ գումարը համընկնում է կառավարության կողմից հայտարարված գումարի հետ, որն անհրաժեշտ է սահմանին գազի գների 30 տոկոսը սուբսիդավորելու համար։

Մայիսի 16-ին կառավարության ղեկավարը հայտարարեց, որ գազի գինը կսուբսիդավորվի 30 տոկոսով` դրա բարձրացման դեպքում։ Ավելի ուշ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ կառավարությունը փորձում է ռուսական կողմին ներգրավել երկիր մատակարարվող գազի գնի սուբսիդավորման գործընթացում, և որ բանակցությունների հիմնական նպատակը կառավարության հայտարարած սուբսիդավորման հարցում ռուսական կողմին ներգրավելն է, քանի որ նրան է պատկանում «ՀայՌուսգազարդ» ընկերության 80 տոկոսը։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ --0—