Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հարցերը

12.09.2025, 17:40
Քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը մի շարք առանցքային ոլորտներում
ՀՀ-ն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենինի հետ քննարկել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը մի շարք առանցքային ոլորտներում՝ առևտուր և ներդրումներ, գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն ու զբոսաշրջություն։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեցին շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված տնտեսական կապերի սերտացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և նոր նախաձեռնությունների խթանմանը։

Անդրադառնալով TRIPP հաղորդակցության ծրագրին ու ենթակառուցվածքներին՝ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով և առաջարկել այդ նախագծերը զարգացնել PPP ձևաչափով՝ ապահովելով մասնավոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև նախաձեռնել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակում։

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

Armstat-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 214.7 մլն դոլար՝ 2024 թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազելով 19%-ով, մինչդեռ արտահանումը կազմել է 29.6 մլն դոլար՝ 9.1% նվազմամբ, ներմուծումը՝ 185.1 մլն դոլար՝ 20.4% նվազմամբ։