Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների վերանայման որոշում կարող է կայացվել 2026 թ.-ի սկզբին. «ՀԷՑ» ժամանակավոր կառավարիչ

25.11.2025, 15:05
Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ արդեն կա նախնական պատկերացում, թե ինչ չափով կարող է վերանայվել  սակագինը, և հույս հայտնել, որ որոշումները կընդունվեն 2026 թ.-ի սկզբին
ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների վերանայման որոշում կարող է կայացվել 2026 թ.-ի սկզբին. «ՀԷՑ» ժամանակավոր կառավարիչ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Մենք մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ էլեկտրաէներգիայի գինը լինի այնքան, որքան անհրաժեշտ է համակարգի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու համար ու դրանից ոչ մի լումա ավել։

Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հադիպման ժամանակ՝ անդրադառնալով Էլեկտրաէներգիայի սակագնի hնարավոր վերանայմանը։

«Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ մենք հաճոյանալու համար այնքան իջեցնենք, որ արդյունքում թեկուզ ոչ 1 տարի, ոչ 2 տարի, այլ 3 տարի հետո պրոբլեմ առաջանա», - ասաց վարչապետը։

Պետրոսյանը հայտնեց, որ այս պահին արդեն որոշակի պատկերացում կա, թե մոտավորապես ինչ չափով հնարավոր կլինի վերանայումը և հույս հայտնեց, որ 2026 թվականի սկզբին առնվազն արդեն վերանայման այդ որոշումները կկայացնեն։

 «ՀԷՑ»-ին լիցենզիայից զրկելու մասին

 Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրապարակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի քվեարկությունը նշանակված էր նոյեմբերի 13–ին։

Նախագծում նշվում էր, որ ընկերությունը «չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել» «Էներգետիկայի մասին» օրենքով և ՀԾԿՀ–ի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը, ինչը վտանգում է և կարող է վտանգել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը և կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

Նշվում էր, որ հանձնաժողովը 2025թ․–ի հուլիսի 18–ից, ՀԾԿՀ նախագահի որոշմամբ, ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել ՀԷՑ-ն ազգայնացնել կամ վաճառել «միջազգային, հեղինակավոր մասնագիտացված ընկերությանը՝ պահպանելով կառավարության բաժնեմասը»։ Նա հայտարարել էր, որ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը կախված կլինի գնից, որը կորոշվի համակողմանի վերլուծության հիման վրա։