Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն աճում է շինարարության և արդյունաբերության շնորհիվ. ՀԲ

25.06.2025, 12:11
Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան աճել է 5.4%-ով՝ մարտ ամսվա 3.7%-ի համեմատ
ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն աճում է շինարարության և արդյունաբերության շնորհիվ. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․  Այս տարվա ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան աճել է 5.4%-ով՝ մարտ ամսվա 3.7%-ի համեմատ։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հունիսյան «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները» զեկույցում, որը հրապարակվել է Համաշխարհային բանկի հայկական ներկայացուցչության մամուլի ծառայության կողմից։

Նշվում է, որ 2025 թ.-ի հունվարից ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության ընդհանուր աճը կազմել է տարեկան 4.4%։

«Ապրիլ ամսին մարտ ամսվա համեմատ տնտեսական ավելի բարձր ակտիվությունն ապահովվել է շինարարության  ավելի արագ աճի (տարեկան 18%-ով) և արդյունաբերական ծավալների ավելի դանդաղ կրճատման (տարեկան 8.7% անկում) ֆոնին։ Սա պայմանավորված է էլեկտրաէներգիայի և էներգիայի արտադրության ավելի բարձր աճով և մշակող արդյունաբերության աճի տեմպի ավելի դանդաղ նվազմամբ (ապրիլին 16% անկում՝ մարտ ամսվա 26%-ի համեմատ)», - նշում են ՀԲ փորձագետները։

Հետազոտության համաձայն՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը տարեկան աճել է 4%-ով, առևտրային և ոչ առևտրային ծառայությունները համապատասխանաբար աճել են 3.2%-ով և 5.6%-ով, ինչը գրեթե կեսն է մարտ ամսվա աճի՝ 10.1%-ի։ Բիզնեսի ամսական գրանցումների թիվը տարեկան նվազել է 7.1%-ով, ինչը պայմանավորված է անհատ ձեռնարկատերերի գրանցման 10.4%-ով տարեկան նվազմամբ։

Ինչ վերաբերում է պահանջարկին, ՀԲ զեկույցում նշվում է, որ 2025 թ.-ի առաջին եռամսյակում աճը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառմամբ (15.3%-ով տարեկան)։ «Կապիտալի համախառն կուտակումը տարեկան աճել է 7%-ով, ինչը քիչ է նպաստել աճին, մինչդեռ զուտ արտահանման ներդրումը բացասական է եղել», - նշվում է փաստաթղթում։

Ըստ Արմստատ-ի՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը, նախնական վիճակագրական տվյալների համաձայն, 2025 թ.-ի հունվար-ապրիլին գրանցել է 4.4% աճ՝ 2024 թ.-ի առաջին չորս ամիսների համեմատ։

2024 թ.-ի վերջին տնտեսական ակտիվության աճը կազմել է 8%։