Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՀՀ–ն պետք է շարունակի կառուցվածքային բարեփոխումներին միտված ջանքերն՝ ամրապնդելու տնտեսական դիմակայունությունը և խթանելու ներառական աճը․ ԱՄՀ

28.04.2025, 14:03
Կառուցվածքային բարեփոխումներին միտված ջանքերը պետք է շարունակվեն՝ ամրապնդելու տնտեսական դիմակայունությունը և խթանելու ներառական աճը
ՀՀ–ն պետք է շարունակի կառուցվածքային բարեփոխումներին միտված ջանքերն՝ ամրապնդելու տնտեսական դիմակայունությունը և խթանելու ներառական աճը․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կառուցվածքային բարեփոխումներին միտված ջանքերը պետք է շարունակվեն՝ ամրապնդելու տնտեսական դիմակայունությունը և խթանելու ներառական աճը։ Այս մասին ասվում է Իվա Պետրովայի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի հայտարարության մեջ մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։

«Ողջունելի են իշխանությունների ծրագրերը, որոնք ուղղված են աշխատուժի կազմում խոցելի խմբերի մասնակցության, երկրի արտահանման զամբյուղի և շուկաների բազմազանեցման խթանմանը, ինչպես նաև կորպորատիվ թափանցիկության և ֆինանսների հասանելիության բարելավմանը», – նշվում է հայտարարության մեջ։

Պետրովայի խոսքով, այս նպատակներին հասնելու համար պահանջվում է զբաղվածության և արտահանման ռազմավարությունների ժամանակին և արդյունավետ իրականացում, կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների սահմանում և սնանկության դաշտի արդիականացում՝ որակյալ ներդրումներին օժանդակելու համար։

Ինչպես ավելի վաղ նշել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը, գերատեսչությունն իրականացնում է մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք ուղղված են արտահանողներին աջակցելուն։ Մասնավորապես, խոսքը ապրանքների ծագման սերտիֆիկացման, տնտեսապես բարդ արտադրանքի արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին տրամադրվող պետական աջակցության, մաքսային տուրքերի փոխհատուցման մասին է։ Նրա խոսքով, երկարաժամկետ հեռանկարում արտահանման ռազմավարությունը կոչված է լուծել այս խնդիրները։

ՀՀ կառավարությունը 2024թ․–ի դեկտեմբերի վերջին հավանություն է տվել Զբաղվածության 2025–2031թթ․ ռազմավարությանը, որի հիմնական նպատակն է պայքարել գործազրկության դեմ։ Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պոտենցիալ աշխատունակ բնակչության մի մասը մրցունակ չէ և չունի հմտությունների այն մակարդակը, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։ Ռազմավարության թիրախային խումբը մարզային քաղաքների բնակիչներն են, չսովորող և չաշխատող երիտասարդները, 30–39 տարեկան կանայք, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողները։