Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀԾԿՀ նախագահը՝ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին

Այսօր, 18:33
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր  անդրադարձել է ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի իրավունքի օտարման գործընթացին
ՀԾԿՀ նախագահը՝  ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ ԱՌԿԱ/․ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի իրավունքի օտարման գործընթացին՝ նշելով, որ կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում այն կշարունակվի հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով։

Մեսրոպյանը տեղեկացրել է, որ այս փուլում բաշխման լիցենզիան դադարեցվել է, և հաջորդ փուլով եռամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի սեփականության իրավունքի օտարման գործընթաց սկսի։

«Դրա շրջանակում պետք է գին առաջարկի նախկին սեփականատերերին, և եթե կգան համաձայնության՝ շատ բարի, տեղի կունենա սեփականության իրավունքի փոխանցումը՝ վճարելով համապատասխան գումարը», -նշել է ՀԾԿՀ նախագահը։

Նա հայտնել է, որ 3 ամիսը դեռ չի ավարտվել և առաջիկա օրերին կառավարության պատկան մարմինները մամուլով կիրազեկեն այդ մասին՝ ընդգծելով, որ այդտեղ գաղտնի որևէ գործընթաց չկա։

«ՀԷՑ»-ին լիցենզիայից զրկելու մասին

2025թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրապարակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի քվեարկությունը նշանակված էր նոյեմբերի 13–ին։

Նախագծում նշվում էր, որ ընկերությունը «չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել» «Էներգետիկայի մասին» օրենքով և ՀԾԿՀ–ի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը, ինչը վտանգում է և կարող է վտանգել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը և կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

Նշվում էր, որ հանձնաժողովը 2025թ․–ի հուլիսի 18–ից, ՀԾԿՀ նախագահի որոշմամբ, ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։

Ավելի վաղ՝ 2025թվականի նոյեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել ՀԷՑ-ն ազգայնացնել կամ վաճառել «միջազգային, հեղինակավոր մասնագիտացված ընկերությանը՝ պահպանելով կառավարության բաժնեմասը»։ Նա հայտարարել էր, որ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը կախված կլինի գնից, որը կորոշվի համակողմանի վերլուծության հիման վրա։