Հունիսի 1-29-ը վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար. Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 1-29 ժամանակահատվածում վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը վերջին 3 օրերին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Երեկ Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում, հանդիպեցի Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ և ևս մեկ անգամ քննարկեցինք Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես գործընթացի արագացման հնարավորությունները»,-գրել է նա։
Վրաստանի սահմանին հայկական բեռների հետ կապված իրավիճակի վերաբերյալ
Հունիսի 5-ին Պապոյանը հայտնել է, որ Վրաստանը թույլատրել է Հայաստանից ալկոհոլային խմիչքներով 52 մեքենայի անցումը Ռուսաստանի ուղղությամբ։
Հունիսի 6-ին, ինչպես հաղորդել է Վրաստանի հարկային ծառայությունը, «Սադախլո-Սաավտոմոբիլոյի» մաքսային անցակետում կալանվել է Հայաստանից ներմուծված տարբեր տեսակի 10,000 կտոր տարբեր տեսակի ծաղիկների խմբաքանակ՝ Վրաստանի բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելու պատճառով։
Ալկոհոլային խմիչքների հայ արտադրողները դիմել են պետական և միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման բանկին, ՄԱԿ-ին, ԵԶԲ-ին և ԱՀԿ-ին՝ խնդրելով շտապ գնահատել Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։
Նամակում նշվում էր, որ վրացական կողմը, խախտելով ընդունված միջազգային առևտրի չափանիշները, զգալի նյութական վնաս է հասցնում հայ արտադրողներին, որոնք չեն կարողանում կատարել երրորդ կողմի նկատմամբ իրենց պայմանագրային պարտավորությունները։ Նամակի հեղինակները դիմել են միջազգային կազմակերպություններին և արտասահմանյան գործընկերներին՝ խնդրելով կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս չարտոնված շրջափակումը և վերացնել սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ապրանքների տարանցիկ տեղաշարժը իր տարածքով։