Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Երևանի հյուրանոցների գները Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ աճել են միջինը 15-20%–ով

27.03.2015, 14:59
Երևանի հյուրանոցների գները Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ բարձրացել են միջինը 15-20 տոկոսով, ասաց Joel զբոսաշրջային գործակալության ղեկավար Սոնա Եղիազարյանը։
Երևանի հյուրանոցների գները Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ աճել են միջինը 15-20%–ով
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի հյուրանոցների գները Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ բարձրացել են միջինը 15-20 տոկոսով, ասաց Joel զբոսաշրջային գործակալության ղեկավար Սոնա Եղիազարյանը։

«Վերջին շաբաթվա ընթացքում հյուրանոցների գների` մեր անցկացրած դիտարկումը ցույց է տալիս, որ գների զանգվածային աճ մարզերում չի եղել, որոշ սուբյեկտներ բարձրացրել են գներն 8 տոկոսով, բայց դա կարող է կապված լինել արտարժութային տատանումների հետ։ Սակայն Երևանում հյուրանոցային համարները միջինը թանկացել են 15-20 տոկոսով»,– ասաց Եղիազարյանը` նշելով, որ համեմատությունը կատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Եղիազարյանը հայտնեց նաև, որ ներկայում Երևանի երեքաստղանի հյուրանոցի երկտեղանի համարն արժե միջինը 16-20 հազար դրամ, նմանատիպը չորսաստղանի հյուրանոցում` 24-28 հազար դրամ, իսկ մեկտեղանի համարը հինգաստղանի հյուրանոցում` 51-76 հազար դրամ։

Ըստ նրա` թանկացման հիմնական գործոններից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով այցելուների հոսքի աճն է։ Նա միաժամանակ նշեց, որ զբոսաշրջիկները հիմնականում համարներ են նախապատվիրում ժամանումից մեկ–երկու շաբաթ առաջ։

Տուրիստական գործակալության տնօրենը նշեց նաև, որ զբոսաշրջիկների տեղավորման հարցը Երևանի հյուրանոցներում տեղերի պակասի պայմաններում մասամբ լուծվել է մասնավոր հյուրատներում նրանց օթևան տրամադրելու միջոցով, ինչը հնարավոր է դարձել անշարժ գույքի գործակալությունների հետ համագործակցության արդյունքում։

«Armenia Travel» ընկերության տնօրեն Մարինա Կպրյանն իր հերթին նշեց, որ հյուրանոցներում գների ֆիքսված բարձրացումը, իր կարծիքով, պայմանավորված է դրամի արժեզրկմամբ։

«Չեմ կարող ասել, որ հյուրանոցներն այլ պատճառներով են գները թանկացրել։ Երևանում գները բարձրացել են միջինը 20-30 տոկոսով, հյուրանոցները պայմանավորում են սա հենց արտարժույթի արժևորմամբ, թեև Հայաստանի մարզերում գների թանկացումն ավելի փոքր էր»,– ասաց Կպրյանը։

Ըստ նրա, այս տարի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ երկիր կժամանի 3-4 անգամ ավելի մարդ, սակայն հիմնականում խոսքը պաշտոնական պատվիրակությունների մասին է, որոնք կապ չունեն զբոսաշրջային կազմակերպությունների հետ։

«Երևանյան հյուրանոցների համարների մեծամասնությունն արդեն պատվիրված է։ Հիմնականում դրանք զբոսաշրջիկներ են Եվրոպայից` Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Իսրայելից»,– ասաց Կպրյանը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է հյուրանոցային տնտեսության ավելի քան 300 օբյեկտ, որոնցից մոտ 70–ը` հյուրանոցներ։ Դրանց մեծամասնությունը  Երևանում է, Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում, ինչպես նաև Դիլիջանում, Գյումրիում, Գորիսում։ 2013 թվականի փետրվարից Հայաստանում ներդրվել է նոր կատեգորիա` «Հինգ աստղ Դելյուքս»։ Մինչ այդ հանրապետությունում գործել է հյուրանոցների կամավոր դասակարգման համակարգ` 1-5 աստղ։ Հայկական օրենսդրությամբ` հյուրանոցները պարտավորվում են շենքի վրա, ինչպես նաև գովազդում, նշել իրենց շնորհված «աստղային» կարգը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—