Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Ջրային կոմիտեի նախագահը ներկայացրել է ՀՀ-ում ջրային ոլորտի հիմնական խնդիրները

Այսօր, 15:57
Մարդկային ռեսուրսի պակաս, ջրագողություն. Ջրային կոմիտեի նախագահը ներկայացրել է ոլորտի հիմնական խնդիրները
Ջրային կոմիտեի նախագահը ներկայացրել է ՀՀ-ում ջրային ոլորտի հիմնական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է Հայաստանում ջրային ոլորտի հիմնական խնդիրները։

Նրա խոսքով՝ ամենամեծ մարտահրավերը, որին ինքը՝ որպես Ջրային կոմիտեի նախագահ, բախվել է, մարդկային ռեսուրսի պակասն է։

«Մենք հատկապես հանրային կառավարման համակարգում ունենք որակյալ մարդկային ռեսուրսի սուր դեֆիցիտ», - նշեց Ղալամքարյանը CivilNet-ին տված հարցազրույցում։

Նա հայտնեց, որ խնդիրները, որոնց ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում, բազմաթիվ են։

«Շատ կարևորում եմ մարդկանց մտածելակերպի փոփոխությունը։ Մարդիկ պիտի ջրին վերաբերվեն այլ կերպ, քան վերաբերվում են այսօր։ Դա վերաբերում է թե՛ խնայողությանը, թե՛ ջրագողությանը», - ասաց Ջրային կոմիտեի նախագահը։

Ըստ Ղալամքարյանի՝ այսօր նաև մեծ խնդիր կա ջուր ամբարելու։

«Մենք ունենք մակերևութային ջրերի մեծ ծավալ, որը չենք կարողանում ամբարել այսօր», - նշեց նա։

Ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ մեծ խնդիր է նաև ջրամբարների, ջրանցքների, պոմպակայանի պակասի հետևանքով Սևանի ծանրաբեռնվածությունը։

«Մյուս կարևոր խնդիրը կեղտաջրերի մաքրման խնդիրն է՝ հատկապես Սևանի շուրջը»,-ասել է նա՝ հավելելով, որ կեղտաջրերը կենսաբանական մաքրման չեն ենթարկվում և հետ են լցվում բնություն։