Կառավարությունը հաստատել է առևտրաշրջանառության հսկողության նոր մեխանիզմ
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Հինգշաբթի օրը կայացած նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է ՊԵԿ-ի կողմից ներկայացված նախագիծը, որը սահմանում է առևտրաշրջանառության հսկողության նոր մեխանիզմ։
«Նախաձեռնության նպատակն է ապահովել դրոշմավորման ծածկագրով ապրանքի շրջանառության ամբողջ շղթայի նկատմամբ հետագծելիությունը: Առաջարկվում է սահմանել հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները»,-ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի դրոշմավորված ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանները կարտացոլվի հաշվարկային փաստաթղթերում (սկզբնական փուլում՝ միայն ալկոհոլային և ծխախոտային արտադրանք):
«Նոր մեխանիզմը ՊԵԿ-ին հնարավորություն կտա հետևել ապրանքաշրջանառության բոլոր փուլերին՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում, ինչպես նաև կկրճատվի ստվերը»,-ասել է Հակոբյանը։
Նա մանրամասնել է, որ ներկայումս խոսքը գնում է ապրանքների երկու խմբի՝ ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի մասին, իսկ ապագայում պիտի անցնեն ապրանքների այլ տեսակների։
«Հաշվարկային փաստաթղթեր տրամադրելիս տեղեկատվության փոխանցումը կիրականացվի էլեկտրոնային համակարգի՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով, երբ հսկիչ նշանները սկանավորվում և կցվում են հաշվարկային փաստաթղթերին», - ասել է Հակոբյանը։
Նա նշել է, որ ծրագիրն այժմ պատրաստ է և գտնվում է փորձարկման փուլում, իսկ համակարգը լիովին կգործի 2026 թ.-ի հունվարի 1-ից (այս երկու տեսակի ապրանքների համար):