Կառավարությունը շուրջ 1 մլն դոլար կհատկացնի Գյումրիում նախատեսված մեծ համերգի կազմաերպմանը․ միջոցառմանը կմասնակցի նաև Մակրոնը
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2026 թ. մայիսի 3-5-ը Երևանում կայանալու է եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողով, որի շրջանակում Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նշվում է կառավարության համապատասխան նախագծում։
Այդ կապակցությամբ իրականացվելու են բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ներառյալ համերգներ, որոնցից մեկը՝ Գյումրիում:
«Համերգի կազմակերպումը Գյումրիում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆրանսիայի նախագահը այցելելու է նաև Գյումրի»,– նշվում է նախագծում։
Նշվում է նաև, որ համերգի կազմակերպման համար կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 392 897.7 հազար դրամ (մոտ 1 մլն դոլար)։
Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում կազմակերպվող մեծ համերգը նվիրված է Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:
Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։