Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 27, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027թ․-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road համակարգով

Այսօր, 15:29
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների միջև տվյալների փոխանակման շերտի կառավարման, ստեղծման և օգտագործման կարգին վերաբերող նախագիծը
Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027թ․-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road համակարգով

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների միջև տվյալների փոխանակման շերտի կառավարման, ստեղծման և օգտագործման կարգին վերաբերող նախագիծը։

«Առաջարկում ենք, որպեսզի պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումն իրականացվի X-Road-ով, որը բարեհաջող գործարկվել և գործարկվում է Էստոնիայում, Ֆինլանդիայում և համարվում է առաջատար մոդել», - ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը:

Նրա խոսքով՝ մինչ այս ճարտարապետության ներդրումը պետական մարմինների պահոցների միջև ինֆորմացիայի փոխանցումն իրականացվում էր տարբեր մոդելներով, ինչպիսիք են «փակ ճարտարապետությունը», «բաց ճարտարապետությունը», API-ները և այլն:

«X-Road-ի տարբերակի պարագայում ունենալու ենք մի շարք առավելություններ։ Առաջինը պետական մարմինների տվյալների կրկնօրինակման բացառությունն է, անվտանգության, գաղտնիության ապահովման որակը բավականին բարձրանալու է։ Ապահովվելու են հետագծելիությունն ու թափանցիկությունը», - նշեց Մելիքսեթյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ ներկայումս ինտեգրացիայի փուլում ներգրավված է 35 մարմին, որոնցից 20-ը պետական են, 15-ը՝ մասնավոր:

Նա հայտնեց, որ պետական մարմինների պարագայում ինտեգրացիան տվյալ համակարգին պարտադիր կլինի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը, իսկ մնացածի դեպքում` ըստ հայեցողության։