Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
419.81
RUB
4.7315
GEL
139.08
2026 թ. հունիսի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Կներդրվի դեղերի անվտանգության և որակի վերահսկողության հստակ գործիքակազմ. նախագիծ

Այսօր, 13:59
Նախագծի նպատակն է ներդնել դեղերի որակի, անվտանգության ու մատչելիության ապահովման և վերահսկողության իրականացման առավել հստակ գործիքակազմ
Կներդրվի դեղերի անվտանգության և որակի վերահսկողության հստակ գործիքակազմ. նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծին։ 

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաստաթղթի վերաբերյալ առաջարկներ չեն հնչել:

Ինչպես հայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը, նախագծի նպատակն է բացառել դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները, ներդնել դեղերի որակի, անվտանգության ու մատչելիության ապահովման և վերահսկողության իրականացման առավել հստակ գործիքակազմ, ինչպես նաև ապահովել ազգային կարգավորումների ներդաշնակեցումը ԵԱՏՄ պահանջների և կանոնակարգերի հետ:

«Մասնավորապես, այս օրենքի փոփոխությունով մենք առաջարկում ենք ընդլայնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում արտադրվող դեղերի ցանկը, որոնց համար, համաձայն ԵԱՏՄ պահանջերի, գրանցում չի պահանջվում։ Թույլատրել գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի ներմուծումը, ինչը վերաբերում է նաև ուռուցքաբանության մեջ կիրառվող դեղերին: Գրանցանմուշի հետ անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված պայմաններում թույլատրել դրա վերապիտակավորումը ծածկաշերտի միջոցով», - ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ առաջարկվում է հստակեցնել ներմուծումը մերժելու հիմքերը՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող դեղերի կիրառման ռիսկերը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև լրամշակել դեղերի արտադրության և բաշխման լիցենզիայի կասեցման ու դադարեցման հիմքերը, ընդլայնել լիցենզավորող մարմնի իրավասությունները:

Նախատեսվում է օրենքում սահմանել դեղագործական արտադրանքի պահպանում իրականացնող մաքսային պահեստների մեծածախ իրացման լիցենզիայի և պատշաճ բաշխման գործունեության հավաստագրի պարտադիր ստացումը: Այս լրացմամբ առաջարկվում է վերոհիշյալ կարգավորումը կիրառել նաև դեղերի ներմուծում, արտահանում և բաշխում իրականացնող այլ գերատեսչությունների ենթակայությամբ գործող դեղագործական արտադրանքի պահեստների համար:

Այս դրույթներն ուժի մեջ կմտնեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում: