Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն»

Այսօր, 10:48
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար
Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն»

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար, հայտնում է «Ազատություն» ռ/կ–ն՝ հղում անելով Իրավաբանական անձանց էլեկտրոնայի ռեգիստրին։

Հրատարության տվյալներով, իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի փաստաթղթերից պարզ է դառնում, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Կուպրար ՌԱ»-ի նոր բաժնետերը «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունն է։ Այս ընկերությունը ՀՀ-ում գրանցված չէ, ըստ բաց աղբյուրների, այն հիմնադրվել է 2025-ի օգոստոսին Ամերիկյան Տեխաս նահանգում։

Տեխասի հարկային ռեգիստրից «Ազատության» ստացած փաստաթղթերի համաձայն, ընկերությունը ղեկավարում է Ֆլորիդայում գրանցված Կոնստանտին Սոկոլովը։

Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը 52-ամյա ֆինանսիստ, ներդրող Կոնստանտին Սոկոլովին նշանակել է Սյունիքով անցնելիք ռազմավարական ճանապարհի զարգացման TRIPP+ հիմնադրամի ղեկավար։

Սոկոլովը մինչ TRIPP-ում ներգրավումն արդեն հայտնի էր Հայաստանում՝ որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր․ 2024-ին նա ձեռք էր բերել ընկերության 20 տոկոսը։

Ապրիլին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինն ազդարարել էր՝ «ՎՏԲ-ն Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքի վերջին փուլում է»։

Օրերս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը թույլ էր տվել «Կուպրար ՌԱ» ընկերությանը ձեռք բերել Թեղուտի բաժնետոմսերը։

Հանքավայրի մասին

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում և պաշարների ծավալով երկրորդն է երկրում՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972 թվականի երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով՝ դրա պաշարները գնահատվում էին 450 միլիոն տոննա հանքաքար, որը պարունակում էր մոտ 1,6 միլիոն տոննա պղինձ և 99 հազար տոննա մոլիբդեն:

Թեղուտի լեռնահանքային համալիրի արդյունաբերական շահագործումը սկսվել է 2014 թվականի դեկտեմբերին։ Հանքավայրի մշակմամբ զբաղվում էր «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մտնում էր Vallex ընկերությունների խմբի մեջ։ 2017 թվականի դրությամբ խմբի ներդրումների ծավալը նախագծում գերազանցում էր 400 միլիոն դոլարը, ձեռնարկությունում ստեղծվել էր շուրջ 1150 աշխատատեղ։ Արտադրական կարողությունները թույլ էին տալիս տարեկան թողարկել մինչև 50 հազար տոննա պղնձի խտանյութ։

Նախագծի ֆինանսավորումն իրականացվել է ռուսական ՎՏԲ Բանկի մասնակցությամբ։ 2008 թվականին բանկը հայտնել էր 12 տարի ժամկետով 249,5 միլիոն դոլարի վարկի տրամադրման մասին։ Հետագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թեղուտի հանքավայրի մշակման համար տրամադրված վարկի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 380 միլիոն դոլար, և որ պարտքի սպասարկման հետ կապված խնդիրների առաջացումից հետո սեփականատիրոջ լիազորությունները փաստացի անցել են ՎՏԲ-ին։

2018 թվականի փետրվարին ձեռնարկության աշխատանքը ժամանակավորապես կասեցվել էր։ Այդ ժամանակ առանց աշխատանքի մնացին ավելի քան հազար աշխատակիցներ։ Ավելի ուշ Հայաստանի իշխանությունները և ՎՏԲ-ն քննարկում էին հանքավայրի գործունեության վերսկսումը և նոր օպերատորի ներգրավումը։