«Վեոլիա Ջուրը» մեկնաբանել է խմելու ջրի որակի՝ նորմերին չհամապատասխանելու մասին հայտարարությունները
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Խմելու ջրի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն, հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
«Վերջին օրերին հանրային տիրույթում և սոցիալական հարթակներում տարածվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ տարբեր գնահատականներ և պնդումներ, որոնք հիմնված չեն մասնագիտական եզրակացությունների կամ պաշտոնական տվյալների վրա», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։
««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է անընդհատ և շուրջօրյա վերահսկողության ներքո: Ջրի որակը պարբերաբար ստուգվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով, իսկ ստացված արդյունքները մշտապես գնահատվում են գործող նորմատիվ պահանջներին համապատասխան», – նշում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։
Ընկերությունից միաժամանակ հարկ են համարում ընդգծել, որ խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն. oրենքով սահմանված կարգով այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն և արձանագրում են ցանկացած խախտում։
«Հետևաբար, եթե խմելու ջրի որակի վերաբերյալ առկա լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք անպայման կարձանագրվեին պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից և կդառնային հանրային իրազեկման առարկա։
Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ հանրային քննարկումների առարկա դարձած ջրի կոշտությունը խմելու ջրի անվտանգության չափանիշ չէ և չի համարվում առողջության համար վտանգ ներկայացնող գործոն։ Ջրի կոշտությունը պայմանավորված է միայն տվյալ ջրաղբյուրի երկրաբանական առանձնահատկություններով։ Իսկ քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարբեր տարածաշրջաններում իր սպառողների ջրամատակարարումն իրականացնում է տարբեր ջրաղբյուրներից, հետևաբար ջրի առանձին ֆիզիկաքիմիական ցուցանիշները, այդ թվում՝ կոշտությունը, կարող են տարբեր լինել՝ պայմանավորված բացառապես աղբյուրների բնական առանձնահատկություններով։ Հատկանշական է նաև, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումները ևս արտացոլում են ջրի կոշտության նկատմամբ կիրառվող մոտեցումների փոփոխությունը՝ այն չդիտարկելով որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ (որոշումը՝ https://www.arlis.am/hy/acts/185734)», – նշվում է ընկերության մեջ։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը շարունակական վերահսկողության տակ է և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։
«Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին, սոցիալական հարթակների օգտատերերին և բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ընկերության գործունեության վերաբերյալ չստուգված, մասնագիտական եզրակացություններով չհիմնավորված և ընկերության նկատմամբ ուղղորդված բնույթ կրող տեղեկությունների տարածումից։ Հանրային առողջությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն պետք է հիմնված լինի բացառապես փաստերի, լաբորատոր հետազոտությունների արդյունքների և իրավասու մարմինների պաշտոնական գնահատականների վրա», – նշվում է «Վեոլիա Ջուր» ընկերության հայտարարության մեջ։
«Վեոլիա Ջրի» դեմ սպասվող խմբային հայցերի մասին
Օրերս ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հրապարակել էր տեսանյութ և հայտնել, որ «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում, ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին:
««Վեոլիա Ջուր», այս ժամանակահատվածի ընթացքում դուք անընդհատ գտնվել եք իմ ուշադրության կենտրոնում, և պարբերաբար կատարվել են ձեր կողմից մատակարարվող ջրի որակի փորձաքննություններ։ Բնակիչների կողմից ուղղված բողոքներին կամ նախապես հայտնի տեղեկատվության հիման վրա տարբեր բնակավայրերից վերցվել են ջրի նմուշներ, կատարվել փորձաքննություններ, և ինչպես և սպասվում էր՝ ամառային ջրաժամանակին մոտ, երբ ջուրն արդեն չի բավականացնում, Գառնու ջրերին սկսում են խառնել արտեզյան ջուրը, որի կոշտությունը բարձր է։ Արինբերդի ջրամբար, Խարբերդի ջրամբարում և մնացած բոլոր տեղերում արդեն արտեզյան ջուրը սկսել են խառնել, և դա բերել է նրան, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշը Առողջապահության նախարարության կողմից սահմանած և դեռևս գործող ցուցանիշը սկսել է գերազանցվել կամ հենց սահմանագծի վրա է։ Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար, իսկ սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին կարող է դիմել դատարան և վիճարկել այս ամբողջ գործընթացը»,– նշել է Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն ընդգծում է՝ «Վեոլիա Ջուր»–ն ասում է, որ իրենք կորուստները տիեզերական ջանքեր գործադրելով կրճատել են, բայց ջրառի ժամանակ աղբյուրներում ջուրը պակասել է, հիմա հարց է բարձրացնում տեսչական մարմիններին՝ արդյո՞ք ստուգել են, գուցե չափիչները նորմալ չեն աշխատում, և «Վեոլիա ջուր»–ը այլ բան է ասում, թող ֆիքսեն, թե իրականում ինչ ջուր է ստացվում ՀՀ քաղաքացիերի համար։
Եզրափակելով իր խոսքը՝ Հովհաննիսյանը նշել է, որ ջրամակատարարման գրաֆիկը նախընտրական շրջանում, երբ խոստացան իբրև լավարկել, ձևական մի քանի կոսմետիկ փոփոխություններով լավարկեցին, բայց ՀՀ քաղաքացին շարունակաբար ավելի քիչ ջուր է ստանում հատկապես ամառային ժամանակահատվածում։
«Հիմա հարց՝ եթե «Վեոլիա ջրի» վրա թանկ է նստում մեխանիկական ջրամակատարարումը, արտեզյան ջուր են տալիս, այսինքն թանկ է նստում, բայց ջուրը ամեն դեպքում կա, ապա ինչու՞ էին ջրամակատարարման գրաֆիկը կրճատում, և ինչու են մարդկանց ջրի քանակը կրճատել»,– ասել է նա։